Անվասայլակին գամված հոր սպանության համար` 11 տարի ազատազարկում
26/07/2014 15:47

Անվասայլակին գամված հոր սպանության համար` 11 տարի ազատազարկում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապրտել իր հոր սպանության մեջ մեղադրվողին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Վանիկ Ջուլհակյանին առաջադրված մեղադրանքի` նա 2013 թ. սեպտեմբերի 4-ին սպանել` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է հորը` Սամվել Ջուլհակյանին: Վանիկ Ջուլհակյանը իր ծնողների` հիվանդության 1-ին կարգի հաշմանդամ հոր` Սամվել Ջուլհակյանի և մոր հետ միասին բնակվել Է Լոռու մարզի Ուռուտ գյուղում գտնվող իրենց տանը:

Սամվել Ջուլհակյանը ունեցել Է հաշմանդամության առաջին խումբ, անժամկետ «Գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, հեմոռագիկ ինսուլտ գլխուղեղի աջ կիսագնդում բարդացած ձախակողմյան արտահայտված հեմիպարեզով, արտահայտված ասթենոնևրոտիկ համախտանիշով, ձախ ստորին վերջույթի անդամահատված ծայրատ 3-րդ աստիճանի իշեմայի կապակցությամբ, աջ ստորին վերջույթի զարկերակային անբավարարություն 2-րդ աստիճան, հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարում» ախտորոշմամբ:

Որպես ուղեկցող հիվանդություն ախտորոշվել Է «Զարկերակային գերճնշում 3-րդ աստիճան, դանդաղ պրոգրեսիվող ընթացքով արյան շրջանառության անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս NYHA»: Նա ինքնուրույն շարժվելու հնարավորությունից գրեթե զրկված Է եղել, միայն կողմնակի անձանց օգնությամբ Է հագնվել, սնվել, նստել իր հաշմանդամի սայլակը և կատարել անհրաժեշտ գործողությունները:

Ամբաստանյալ Վանիկ Ջուլհակյանը չի աշխատել, չարաշահել Է ալկոհոլը և դրանք օգտագործած վիճակում դարձել Է ագրեսիվ, հոր` Սամվել Ջուլհակյանի կողմից նրան դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանել Է նրա հետ, իսկ երբեմն Էլ ծեծի ենթարկել նրան, որոշ դեպքերում Էլ սայրով կամ դանակով կտրելով վնասել Է իր նախաբազուկները:

2013 թ. սեպտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում Վանիկ Ջուլհակյանը իրենց տանը միայնակ խմել Է 2 շիշ օղի: ժամը 17:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում հարբած վիճակում տանը գոռգոռացել և ճվացել Է: Նրա մայրը, մտավախություն ունենալով, որ որդին այդ վիճակում կարող Է իր հետ վիճաբանել և վնաս պատճառել, հեռացել Է տանից և թաքնվել տանից շուրջ 38 մետր հեռավորության վրա բակում աճած եգիպտացորենի դաշտի մեջ, իսկ ամուսինը մնացել Է տան պատշգամբում /միջանցքում/ սայլակի մեջ նստած: Այդ ընթացքում Վանիկ Ջուլհակյանը հարբած վիճակում, կենցաղային հողի վրա վեճի Է բռնվել Սամվել Ջուլհակյանի հետ և տան խոհանոցից վերցրած խոհանոցային դանակով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել սայլակի մեջ նստած հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ կեսի շրջանին, պատճառելով կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերք, աջ թոքի վերին բլթի վնասումով, աջակողմյան հեմոպնևմոթորաքս:

Նույն ժամանակ Վանիկ Ջուլհակյանը վերցնելով պատշգամբում դրված երկու աթոռները և ապակյա բաժակը, նետել Է բակ: Այնուհետև տեսնելով, որ Սամվել Ջուլհակյանին հասցված վնասվածքից արյուն Է հոսում, Վանիկ Ջուլհակյանը նրան տարել պառկեցրել Է անկողնում, որից հետո տանից վերցնելով թել ու ասեղ, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարել Է իր կողմից հորը պատճառած վնասվածքը, սակայն վերջինս ստացած մարմնական վնասվածքից շուրջ 15 րոպեի ընթացքում մահացել է: Տեսնելով դա, Վանիկ Ջուլհակյանը խոհանոցից վերցրած մեկ այլ խոհանոցային դանակով իր նախաբազուկների շրջաններում կատարել է ինքնավնասումներ, ապա շարունակել է ոգելից խմիչքներ օգտագործել:

Առաջադրված մեղադրանքում Վանիկ Ջուլհակյանը դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը հորը` Սամվել Ջուլհակյանին չի հարվածել և չի սպանել: Մասնավորապես նա նշել է, որ ինքը չարաշահել է ոգելից խմիչքներ, որի պատճառով հոր հետ ունեցել է լարված հարաբերություններ, հայրը հաճախակի իրեն հարվածել, հայհոյել և վիրավորել է: Շուրջ 4 տարի առաջ հայրը տարել է ինսուլտ, որից նրա մարմնի ձախ կողմը թուլացել է և դրանից հետո հայրը տեղաշարժվել է ձեռնափայտերի օգնությամբ, իսկ 2012 թվականին ամպուտացվել է հոր ձախ ոտքը, որից հետո նա դարձել է անկողնային հիվանդ և տեղաշարժվել է սայլակով:

2013 թ. սեպտեմբերի 4-ի առավոտյան գնել է 1 շիշ օղի, որը տանը միայնակ օգտագործել է: Ոգելից խմիչք օգտագործելու պատճառով պատշգամբում սայլակին նստած հայրը սկսել է հայհոյել և վիրավորել իրեն: Ինքը չի արձագանքել հոր ձայներին ու շարունակել տան խոհանոցում խմել օղին, իսկ երբ հայրը լռել է, դուրս գալով պատշգամբ նրան հայտնաբերել է պատշգամբում սայլակի մեջ նստած կրծքավանդակի շրջանը ամբողջությամբ արյունոտված վիճակում: Ենթադրել է, որ հայրն է ինքն իրեն դանակով հարվածել, որ իր «գլխին սարքի», քանի որ ամպուտացված ոտքի պատճառով չի կարողացել իրեն ծեծել և անճարությունից դիմել է այդ քայլին: Օգնության է կանչել մորը, սակայն տեսնելով, որ նա տանը չէ, օգնության կանչելու նպատակով դուրս է եկել փողոց, սակայն որևէ մեկի չգտնելով, վերադարձել է տուն, հորը օգնություն ցույց տալու նպատակով:

Հորը սայլակից տեղափոխել է անկողին, այնուհետև տան դարակից վերցնելով ասեղ և թել, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարել է հոր կրծքավանդակի վերևի աջ կողմում առկա վնասվածքը: Նշել է, որ վնասվածքը կարել է հորը վնասված վիճակում հայտնաբերելուց շուրջ 1 ժամ անց: Նշել է նաև, որ հոր վնասվածքը կարելու ժամանակ հայրը շարժվել է, բայց չի արձագանքել: Վնասվածքը կարելուց հետո տեսնելով, որ հայրը այլևս չի շարժվում, գնացել է խոհանոց և խոհանոցային դանակով դաստակների շրջանում կատարել ինքնավնասումներ, որպեսզի հանգստանա: Այնուհետև եկել են ոստիկանության աշխատակիցները և իրեն բերման ենթարկել ոստիկանության բաժին: Նշել է նաև, որ ալկոհոլ օգտագործելուց հետո չի հիշում իր հետ կատարվածի մանրամասները:

Սակայն ամբաստանյալի պատճառաբանությունները հերքվել և նրան մեղսագրվող արարքը հիմնավորվել է ինչպես նրա ցուցմունքների էական հակասություններով և այդ պատճառաբանությունների ակնհայտ անարժանահավատ լինելու հանգամանքներով, այնպես էլ քրեական գործի քննությամբ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված և հետազոտված բազմաթիվ ապացույցներով:

Դատարանը արժանահավատ է համարել նրա որպես կասկածյալի հարցաքննության ժամանակ տրված ինքնախոստովանական ցուցմունքը, որն էլ համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին:
 

Անվասայլակին գամված հոր սպանության համար` 11 տարի ազատազարկում