Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա
28/07/2014 13:01

Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա

Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Նա գտնվել է Վրաստանում, սակայն երեկ Հայաստան մուտք գործելուց հետո ներկայացել է իրավապահ մարմիններին:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (Սպանությունը) և 235 հոդվածների (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին Մասի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:

Նախորդող հրապարակում՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր մահվան փաստով հարուցվել է քրգործ 

Ռեկտորի եղբոր սպանություն. Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պաշտոնյա