ԴԱՀԿ-ն Համալիրում գույքագրում է կատարել ու կապարակնքել սենյակները. Խոսնակ
30/07/2014 18:46

ԴԱՀԿ-ն Համալիրում գույքագրում է կատարել ու կապարակնքել սենյակները. Խոսնակ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այսօր ներխուժել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

Aysor.am-ի հետ զրույցում Մարզահմերգային համալիրի մամուլի խոսնակ Լիլիա Ադունցն ասաց, որ այսօր` կեսօրին, մեծ քանակությամբ ԴԱՀԿ աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման, առանց փաստաթղթի ներկայացման, ներխուժել են համալիրի շենք:

«Առանց հիմնավորման համալիրի աշխատակիցներին` մոտ 25 հոգու, դուրս են հրավիրել ու սկսել գույքագրում կատարել: Ամբողջ հարցն այն է, որ դեռ որոշված չէ, թե ում գույքն է դա. արգելանքի տա՞կ է, թե՞ հանված է, կամ ի՞նչ հիմքով է գույքագրվում»,- ասաց Լ. Ադունցն` ավելացնելով, որ գույքագրումից հետո սենյակները կապարակնքել են, այսինքն` այսուհետ աշխատողներն իրավունք չունեն ներս մտնել իրենց աշխատասենյակ:

Բացի այդ, շարունակեց խոսքը մեր զրուցակիցը, կապարակնքված սենյակներում են գտնվում չհրկիզվող պահարանը, պայմանագրերը, հաշվապահական փաստաթղթերը:

«Աշխատակիցների խնդրանքին` ներկայացնել հիմնավորող փաստաթուղթ, ԴԱՀԿ աշխատողները ոչինչ չներկայացրին»,- ասաց Լիլիա Ադունցը:

Մամուլի խոսնակը ներկայացրեց, որ 2009-ին Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել«ԲԱՄՕ» կազմակերպության ընկերություններից մեկին, իսկ 2012-ին վարկը վերաձևակերպվում է Մարզահամերգային համալիրի անունով.

«Որոշ գումարով փակվել է վարկը, որոշ գումարի մասով խնդրվել է երկարաձգել ժամկետը, սակայն մերժվել է և գործը մտել դատարան»:

Նշենք, որ Aysor.am-ի թղթակիցը 15:45 րոպեից սկսած այդպես էլ չկարողացավ կապ հաստատել ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի հետ: