«Հարսնաքարի» գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել
30/07/2014 17:22

«Հարսնաքարի» գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ե. Սարգսյանը ասաց, որ այդ գործով առաջին ատյանի դատարանները բազմաթիվ սխալներ են թույլ տվել, կոպտորեն խախտել դատավարական իրավունքի նորմերը:

Փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանի մասով ամբողջությամբ բեկանել դատական ակտը և ուղարկել նոր քննության, իսկ Արման Խաչատրյանի մասով նաև կարճել քրեական գործը և արդարացնել նրան:

«Դատարանները արժանահավատ են համարել տուժողների ցուցմունքները և անարժանահավատ՝ ամբաստանյալների ցուցմունքները այն դեպքում, երբ վերջիններս տվել են հակասական ցուցմունքներ»,- ասաց փաստաբանը:

Պաշտպանը ասաց, որ Նորայր Հայրապետյանի մասով մեղադրանքը անհիմն է, իսկ Արման Խաչատրյանի վիճաբանությանը մասնակցելու մասով, ընդհանրապես, որևէ ապացույց չկա:

Փաստաբանը ասաց, որ եթե Վճռաբեկ դատարանն էլ մերժի իր բողոքը, ապա նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Մեղադրող կողմի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը քաղաքացիական հայց ներկայացրեցին գործով ամբաստանյալների և «Հարսնաքար» ռեստորոնային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ պահանջելով, ընդհանուրը շուրջ 297 մլն դրամի փոխհատուցում։

Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման

«Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք

«Հարսնաքարի» գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել