30/07/2014 17:34
Բաքվում ձերբակալվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսը
Բաքվում ձերբակալվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Յունուսի ձերբակալման մասին տեղեկություններ են հայտնվել նաև համացանցում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է նաև իրավապաշտպանի գործընկեր Միրավիրա Գահրամանլին:
«Քիչ առաջ ձերբակալել են Լեյլա Յունուսին: Իսկ հիմա փորձում են ձերբակալել նաև նրա ամուսնուն՝ Արիֆա Յունուսին»,- գրել է նա:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության աշխատակից, «Խաղաղություն և դեմոկրատիա» ինստիտուտի տնօրենին բերման են ենթարկել այսօր վաղ առավոտյան՝ սեփական տանից դուրս գալու ժամանակ: Իսկ ավելի ուշ նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը զանգահարել է լրագրողներին ու փոխանցել, որ իր տան մոտ Յունուսի մեքենան կանգնեցրել են անհայտ անձիք ու նրան տարել անհայտ ուղղությամբ:
«Նա պատրաստվում էր գնալ գիտաժողովի, սակայն քաղաքացիական հագուստով 3 անձ ձերբակալեցին նրան, ովքեր հիմա ցանկանում են ձերբակալել նաև ինձ»,- ասել է Լեյլայի ամուսինը և հավելել, որ նա վախից տանից դուրս չի գալիս:
«Դատելով ամեն ինչից, կարելի է ենթադրել, որ այդ մարդիկ Գլխավոր դատախազության աշխատակիցներն են: Ես դուռը չեմ բացում և սպասում եմ փաստաբանիս»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լեյլա և Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են հայկական կողմի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով: Զույգը արդեն մի քանի անգամ մերժել է դատախազություն ներկյանալու հրավերը: