30/07/2014 14:13
Հայաստանը գտնվում է արձակուրդային իրավիճակում, թեժ աշուն չի լինի. Քաղաքագետ
Հայաստանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական կյանքում որևէ փոփոխություն առայժմ չի սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այս պահին սպասողական վիճակ է: Ամեն ինչ կախված է Ուկրաինայում զարգացող դեպքերից: Հայաստանը ևս գտնվում է արձակուրդային իրավիճակում և առանձնակի լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում ոչ միայն տարածաշրջանում, այլև ԼՂՀ բանակցային գործնթացում»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` քաղաքագետը նկատեց, որ այդ հանդիպումը ևս ոչ մի կերպ չանդրադարձավ դրական տեղաշարժեր արձանագրելու կամ քայլ առաջ ընթանալու համար:
«Ադրբեջանում նույնպես սպասողական իրավիճակ է: Ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի զարգացումների վրա և ամեն ինչ կախված է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից»,- հավելեց քաղաքագետը` նշելով, թե չի բացառվում նաև, որ այդ հարաբերությունները անդրադառնան նաև ԼՂՀ բանակցային գործընթացի վրա:
«Դժվար թե օգոստոսի կեսին տարածաշրջանում սկսվեն ռազմական գործողություններ, բայց փաստն այն է, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները որոշակի կանդրադառնան նաև ԼՂՀ գործընթացի վրա: Կրկնում եմ` ամեն ինչ կախված է Ուկրաինայում զարգացող գործընթացներից»,-ասաց նա:
Քաղաքագետը լուրջ սպասումներ ու ակնկալիքներ չունի նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից, որը հավանաբար կկայանա Փարիզում կամ Նյու-Յորքում, եթե իհարկե այն կայանա.
«Նման ձևաչափով հանդիպումները նախաձեռնում է ԵԱՀԿ ՄԽ-ը, որի նպատակն է ձևական պահպանել կամ երկարաձգել բանակցային գործընթացը: Այդ հանդիպումը, եթե իհարկե կայանա, բանակցային գործընթացին ոչինչ չի տա»:
Նրա խոսքով՝ գլխավոր իրադարձությունները նոր թափ, հավանաբար, կստանան աշնանը, սակայն ասել, թե Հայաստանում քաղաքական թեժ աշուն է սպասվում դժվար է:
«Ներքաղաքական դաշտում ևս դժվար է կանխատեսել որևէ լուրջ փոփոխություն: Եթե տարածաշրջանում փոփոխություններ գրանցվեն, դրանք ինչ-որ կերպ հնարավոր է անդրադառնան նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, բայց չեմ կարծում: Դժվար թե` տնտեսական խնդիրները կրիտիկական դառնան ներքաղաքական կյանքում և լարվածություն առաջացնեն Հայաստանում»,-հավելեց նա:
Ըստ քաղաքագետի` աշնանը կլինեն որոշակի փոփոխություններ միայն հայ-թուրքական հարաբերությունների ֆոնում: «Առջևում Թուրքիայի նախագահական ընտրություններն են, որոնք անշուշտ, ուզենք, թե չուզենք, կանդրադառնան հայ-թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիայի քաղաքականաությունը անակնկալներով լի է և չի բացառվում, որ այս ընտրությունները նոր երանգ հաղորդեն Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»,-հավելեց քաղաքագետը: