Չնայած մեծ գումարին՝ իրանցի հայտնի ֆուտբոլիստը մերժել է Ադրբեջանի առաջարկը
31/07/2014 18:00

Չնայած մեծ գումարին՝ իրանցի հայտնի ֆուտբոլիստը մերժել է Ադրբեջանի առաջարկը

«Թեև Ադրբեջանը 5 անգամ ավելի էր վճարում, սակայն ես մերժեցի նրա առաջարկը և հանուն փողի Ադրբեջան չգնացի»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի «Պերսեպոլիս» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալի Դային:

Իրանցի լեգենդար ֆուտբոլիստն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը մարզելու առաջարկին, մասնավորապես նշել է.

«Չնայած, որ Ադրբեջանը հինգ անգամ ավելի գումար է առաջարկել, քան` ես ստանում եմ «Պարսեպոլիսում»,  այնուամենայնիվ, հաշվի առնելով իմ թիմի երկրպագուներին տված խոստումը` ես մերժեցի Ադրբեջանի առաջարկը և հանուն փողի Ադրբեջան չգնացի»:

Նշենք, որ Ալի Դային ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի կազմում խփել է 109 գոլ և ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ լավագույն ռմբարկուներից մեկն է համարվում: Ալի Դային մասնակցել է 1998 և 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություններին:

Հավելենք, որ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս տարի մասնակցում էր աշխարհի առաջնությանը. Իրանի թիմը, F խմբում Նիգերիայի հավաքականի հետ խմբային փուլում խաղալով ոչ ոքի, Արգենտինային և Բոսնիա Հերցեգովինային համապատասխանաբար պարտվելով 1-0 և 3-1 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից: 

Չնայած մեծ գումարին՝ իրանցի հայտնի ֆուտբոլիստը մերժել է Ադրբեջանի առաջարկը