«Լուսավորենք խավարը». Խաղաղ երթ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
31/07/2014 17:53

«Լուսավորենք խավարը». Խաղաղ երթ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ

Սկսած վաղվանից՝ էլեկտրաէներգիայի համար հանրությունը կվճարի այլ վարձավճար:

Եվ որքան էլ մենք պայքարեցինք այս ուղղությամբ, այդուհանդերձ, ոչ մի արդյունքի այդպես էլ չկարողացանք հասնել: Եվ այնուամենայնիվ՝ հանրությունն ուժեղ է, իսկ հույսը, ինչպես ասում են, վերջում է մեռնում:

«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումը հուսով է, որ իշխանությունները վերջիվերջո խելքի կգան, իսկ եթե չգան,նրանց կստիպեն, որ խելիք գան:

«Ամեն ինչ կորած չէ, և ամեն ինչ դեռ առջևում է»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, ով տեղեկացրեց, որ նախաձեռնության անդամները «Լուսավորենք խավարը» խորագրով երթ են նախաձեռնել, որը կկայանա վաղը՝ ժամը 19-ին:

Երթի մասնակիցները հավաք-երթով կշարժվեն նախ Աբովյան փողոցով Սայաթ-Նովա, այնուհետև` դեպի Մաշտոցի պողոտա, որտեղից էլ դեպի Կառավարություն, իսկ երթը կամփոփեն Ազատության հրապարակում:

«Երթը կազմակերպելու ենք մոմերով ու լապտերներով: Փորձը ցույց է տվել, որ իշխանությունները բացահայտ թալանում են մեզ: Եվ այս երթի խորագիրը վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացմանը, այլև` առհասարակ թանկացումներին ու իշխանությունների ապօրինություններին: Այս իշխանությունները դեպի «խավար» են տանում մեր հասարակությանը, և մենք այդ երթով փորձելու ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ու լուսավորել այդ խավարը»,-ասաց Շուշանյանը:

Նա հավելեց նաև, որ նախաձեռնությունը 8 կետանոց պահանջ է մշակել, որը երթի ժամանակ կհրապարակեն: «Մեր իշխանություններին ժամանակ կտանք, որը չկատարելու դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Իրավական ճանապարհով և մեր սահմանադրական իրավունքով այլ միջոցների կդիմենք: Թեև ՍԴ դիմելու իրավասու չենք, բայց մենք մեր անելիքները հստակ գիտենք»,-նշեց Վաղինակը, ում հավաստմամբ երթին այս անգամ մոտավորապես 500 մարդ կմասնակցի:

Հարցին, թե կմիանա՞ն նաև այլ նախաձեռնության անդամներ, երիտասարդը պատասխանեց, որ հավանաբար այո: «Ինքս այլ նախաձեռնությունների անդամ եմ, և վստահ եմ, որ այդ նախաձեռնության մասնակիցները նույնպես այս երթին կմասնակցեն»,- ասաց երթի նախաձեռնողը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Վաղինակը վստահ է, որ այդ ուժերին տեղյակ պահելու խնդրի չկա: «Նրանք առանց այդ էլ քաջ տեղյակ են, որ վաղվանից էլեկտրաէներգիան թանկանում է: Իսկ քառյակի հետ ընդհանրապես կապ չունենք և չենք էլ ուզում ունենալ»,- ասաց նա: 

«Լուսավորենք խավարը». Խաղաղ երթ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ