«Սևան ազգային պարկը» համայնքային բյուջեներ է փոխանցել մոտ 6 մլն դրամ
01/08/2014 18:42

«Սևան ազգային պարկը» համայնքային բյուջեներ է փոխանցել մոտ 6 մլն դրամ

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, քննարկվել և ի գիտություն է ընդունվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2014թ. առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվությունը:

ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից 84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը` տնտեսական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական գործունեությունից ստացված միջոցները 14 մլն 933.2 հազար դրամով ավելի են նախորդ տարի ՊՈԱԿ-ի կողմից հավաքագրված գումարներից: Կազմակերպության տնօրինմանը հանձնված հողի վարձակալությունից հավաքագրված միջոցները կազմել են 75 մլն 756 .8 հազար դրամ:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն առաջին կիսամյակում համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ` հողի հարկի և գույքահարկի տեսքով: Քննարկման ժամանակ կարևորվեց ՊՈԱԿ-ի կողմից համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների ժամանակին կատարման անհրաժեշտությունը:

Նիստում քննարկվել է նաև ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների և ծախսերի ճշգրտված նախահաշիվը: Պայմանավորվածություն է  ձեռք բերվել` ՀՀ ֆինանսների և բնապահպանության նախարարությունների հետ մեկ անգամ ևս քննարկել նախահաշվում ներկայացված ցուցանիշները, հատկապես` աշխատավարձերի պլանավորման մասով, և անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել:

Խորհուրդը քննարկել է մի խումբ հարցեր, որոնք վերաբերում էին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրված հողամասերի պայմանագրերում առկա խնդիրների կարգավորմանը, պայմանագրերի վերակնքման գործընթացներին: 

«Սևան ազգային պարկը» համայնքային բյուջեներ է փոխանցել մոտ 6 մլն դրամ