.jpg)
ՊՆ խոսնակ. Զգուշացնում էինք հակառակորդին՝ մեր համբերությունը մի՛ չափեք
Նախօրեին ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծի մարտական հենակետերից մեկում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով սահմանագիծ մեկնած լրագրողների հարցերին, անդրադարձավ վերջին օրերի սահմանային լարվածությանը, հրադադարի ռեժիմի խախտումներին, ինչպես նաև՝ հայկական կողմի պատասխան գործողություններին:
-Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին սահմանային իրավիճակը բավական լարված է: Տավուշում դիրքերից բացի հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է նաև սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվողը:
-Դուք էլ տեսաք՝ այո′, որոշակի լարվածություն կա: Զինվորները և սպաները հավաստեցին, որ հակառակորդը հաճախ է կրակում: Միևնույն ժամանակ տեսաք, որ հենց իրենք՝ զինվորները, քմծիծաղով պատասխանցին մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ընդունում հակառակորդի կրակոցները: Տավուշցին արդեն 20 տարուց ավելի է ընտելացել է այս ամենին և հաճախ առիթ ունեցել ենք հարցնելու՝ հակառակորդը շա՞տ է կրակում, իրավիճակն ինչպե՞ս է: Որպես պատասխան ստացել ենք, որ դա ձեզ համար է արտառոց բան, մեզ մոտ սա սովորական կյանք է: Տավուշցին հիմա բերք է հավաքում և հակառակորդը կրակոցներով փորձում է խանգարել բերքահավաքը:
-Նշեցիք բերքահավաքը, էլ ինչո՞վ են պայմանավորված վերջին ակտիվացումները:
Տարվա ընթացքում կան որոշակի փուլեր, գարնանը` դարձյալ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, և հիմա՝ բերաքահավաքի ժամանակ: Սրանք արդեն հայտնի ակտիվացումների շրջաններ են: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ սա միակ պատճառն է նման դրսևորման, բայց հաստատ պատճառներից մեկն է:
-Լայն առումով հակառակորդի նպատակը, ո՞րն է: Հաճախ խոսվում է, որ ուզում են դատարկել սահմանամերձ գյուղերը կամ միջազգային կառույցներին ինչ-որ բան ցույց տալ…
-Ես կարծում եմ՝ բոլորը միասին: Այստեղ առանձնացնել մեկ առանձին հարց չի ստացվի: Այն, որ հակառակորդն այս կերպ փորձում է ճնշել հայ մարդուն, հայ զինվորին՝ ակնհայտ է: Մյուս կողմից և՛ ներքին, և՛ արտաքին պատճառներ կան: Հիմա Ադրբեջանի բանակում ծառայում է մի սերունդ, որը հայի կողմից պարտություն անձամբ չի տեսել: Այսինքն ինքը լսել ու լսում է այսօրվա քարոզչական հեքիաթները և իրեն փորձում են հաղթողի կերպարով դաստիարակել՝ նախահարձակ գործողություններով, հրադադարի անընդհատ խախտումներով: Այլ է հարցը, որ երբեմն-երբեմն իրենց իսկ տեղեկատվական դաշտից այս քարոզչամեքենան ստանում է այնպիսի հակահարված, որ հասարակ բանական մարդիկ հարց են տալիս՝ բա եթե մենք այդքան հզոր ենք, ինչպես ներկայացնում ենք՝ ինչու՞ են հայերը համարձակվում հարձակվում, հակադարձում ու մեզ այսքան կորուստ պատճառում:
-Պարոն Հովհաննիսյան, ամեն անգամ, երբ սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ են լինում, Facebook-ում, այլ ռեսուրսներով մարդիկ սկսում են հարց տալ՝ իսկ ի՞նչ պատասխան է տալիս այդ կրակոցներին հայկական կողմը:
-Մենք երբեք մեր մարտավարությունն այս առումով չենք փոխել: Հակառակորդը կրակում է՝ մենք պատասխանում ենք իր դիրքերին: Հակառակորդը շատ է կրակում՝ մենք ավելի ուժգին ու դիպուկ ենք պատասխանում: Թե ինչ արդյունքներ են ստացվում այս մարտավարությունից, տեսնում են հենց գյուղացիները: Մենք շատ հաճախ իրենց գյուղերի վրա չենք կրակում և դրա նպատակը չկա: Մեր զինվորները, եթե որևէ անգամ իրենց գյուղերի վրա կրակել են, ապա՝ ոչ թիրախային և սա պիտի մենք փաստենք ու սա փաստեն նաև այն մարդիկ, ովքեր հետևում են սահմանային իրավիճակին՝ լրագրողները, փորձագետները և այլն: Սրանով է տարբերվում հայ զինվորն Ադրբեջանի զինվորից:
-Հաճախ քննադատություններ են լինում նաև հայկական դիրքերի վերազինման վերաբերյալ: Մենք ի՞նչ-որ նոր լուծումներ ունենք այս առումով:
-Երբեք՝ ոչ մի օր, հենակետերի, մարտական դիրքերի, խրամուղիների, խրամաբջիջների հանդերձավորումը չի դադարել՝ ոչ մի օր: Դուք ինքներդ տեսաք դիրքում ինչքան շինարարական նյութեր կան, որոնք վաղը պիտի կիրառվեն: Այսինքն՝ նոր փշալարեր, նոր բետոնյա կառույցներ, նոր խրամափոսեր և շատ գաղտնիքներ չենք էլ կարող բացել: Գիտեք` այն միամիտ մեկնաբանությունները, թե կարելի է գերժամանակակից տեխնիկական սարքերով ամեն ինչ անել՝ այնքան էլ չենք կիսում: Չնայած՝ երբեք չենք ասել, որ այդ սարքերը չեն կիրառվի մեզանում և պետք չեն: Շատ տեղերում մենք այդ սարքերից ունենք ու միշտ ասել ենք՝ նորագույն սարքավորումների վերաբերյալ թող ներկայացնեն հայտեր, առաջարկներ, փորձաշրջան անցնեն, կարդարացնեն իրենց՝ կօգտագործենք: Բայց, այդ սարքերն էլ, զինվորի անհատական զգոնությունն էլ, պարզունակ տեխնիկական լուծումներն էլ՝ բոլորը պիտի համադրվեն իրար հետ ու մի միասնության մեջ լինեն:
-Ու եթե ամբողջացնենք՝ ի՞նչ կասեք հատկապես վերջին երկու օրերի սահմանային միջադեպերի հետ կապված:
-Մենք զգուշացնում էինք ադրբեջանական կողմին, որ պետք չէ մեր համբերությունը չափել: Պետք չէ անընդհատ փորձել դիվերսիաներով և հրադադարի ռեժիմի խախտմամբ մեզ ինչ-որ բան ստիպել: Մենք մեկ անգամ ստիպված վիճակում եղել ենք ու այդ վիճակում հաղթել ենք: Թող չմոռանան դա: