.jpg)
ՀՀ Վարչապետ. Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի
«Մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը»: Այս մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետն` անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը:
Հովիկ Աբրահամյանն Ադրբեջանին հորդորել է թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի:
«Երբ փողը մարդու խելքից առաջ է ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` ինքն այսօր Շենգավիթում ներկա է գտնվել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորի հուղարկավորությանը:
«Ես երբեք նման վեհ և հայրենասեր մայր չէի տեսել, ով ողբալու փոխարեն փառաբանում էր որդու սխրանքը և նշում, որ ինքն իրեն հանգիստ ու հպարտ է զգում, որ իր որդին կյանքի գնով փրկել է հայրենքը»,- ավելացրել է Հովիկ Աբրահամյանը: