ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը
02/08/2014 11:48

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը

ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գրանցված բռնության աճի վերաբերյալ, որը զգալի զոհերի պատճառ է դարձել: Այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Խարֆը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և շփման գծում փոխհատուցման ակցիաներից ձեռնպահ մնալ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

«ԱՄՆ մտահոգված է շփման գծում բռնությունների իրականացմաբ, որը հանգեցրել է հուլիսի 31-ին զգալի թվով զոհերի: Մենք ցավակցում ենք զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին և կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը շփման գծում և հարգել հրադադարի ռեժիմը»,-ասել է նա:

Մ. Խարֆը նաև նշել է, որ նման դեպքերը ավելի են բարդացնում կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը:

ԱՄՆ-ն, նրա խոսքով, կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել և առանցքային հարցերի շուրջ քննարկում կազմակերպել:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու զինծառայող:

Բացի այդ` այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: 

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը