.jpg)
Զինվոր.Անվախ, առանց մտածելու կատարում ենք մեր առջև դրված մարտական խնդիրները
Հյուսիսարևելյան սահմանային գոտում պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Համլետ Սարգսյանը (անունը փոխված է-aysor.am) արդեն 8 տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հայրենիքին ծառայելը դա լուրջ ու պատասխանատու գործ է, որին պետք է լծվի յուրքանչյուր տղամարդ:
Զինվորականն ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, ունի 2 երեխա՝ 1 աղջիկ, մեկ տղա: «Անվախ ու առանց մտածելու կատարում ենք մեր առջև դրված բոլոր մարտական խնդիրները: Սա մեր տունն է, և պետք է մենք պաշտպանենք»,- մարտական հենակետում մեզ հետ զրույցում ասաց Համլետը:
Նա նշեց, որ թեև ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որպեսզի խուճապ առաջանա, բայց ոչ գյուղի բնակիչների շրջանում, ոչ էլ առավել ևս մարտական ընկերների շրջանում խուճապ չկա: «Ցանկացած պարագայում էլ պատրաստ ենք թշնամուն ծնկի բերել և արժանի հակահարված տալ»,- շարունակեց զինվորականը՝ ընդգծելով, որ այդ պատրաստակամությունը եղել է, կա ու միշտ կլինի. «Մենք թշնամուց չենք վախենում»:
Հարցին՝ արդյոք այստեղ հակառակորդի կողմից ոտնձգության փորձեր նկատվե՞լ են, նա պատասխանեց, որ կոնկրետ այս դիրքի ուղղությամբ, ոչ, սակայն սահմանագոտու մոտակա հատվածներում նման փորձեր եղել են և հակառակորդը հայ դիրքապահների կողմից ստացել է արժանի հակահարված:
Կրտեսեր սերժանտը հորդորում է հայ զինվորին՝ եղի'ր միշտ արթուն՝ զենքդ ամուր պահած: Թշնամին միշտ է արթուն: Լսի'ր հրամանատարիդ, կատարի'ր նրա առաջադրանքները: «Դժվար ոչինչ չկա իրականում: Միշտ էլ հայերը թվով քիչ են եղել, բայց հաղթել են: Թշնամին մեզ զենքով է փորձում վախեցնել, բայց այդ զենքն էլ թողնելու են մեզ ու փախչեն»,- ասաց նա` հավաստիացնելով, որ վերջին օրերի սահմանային լարվածությունը չի վախեցնում մեր տղաներին. « Կարող եք վստահ լինել՝ մեր դիրքերն ամուր են:
Հ.Գ. Նման տղաների կողքին լինելով՝ մի տեսակ ու հանկարծակի անհետանում է վախի զգացումը: Անգամ չես էլ զգում, որ գտնվում ես դիրքերում: Եվ չկա այս աշխարհում առավել ու հաճելի բան, քան զինվորի ձեռքով պատրաստած սուրճը: Մեր սահմանապահին ավելին ոչինչ պետք չէ, բացի մի փոքր ուշադրությունից կամ շնորհակալությունից…