.jpg)
Քույրը սպանել է եղբորը՝ իր հանդեպ կատարած սեռական ոտնձգության համար
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել իր եղբոր սպանության մեջ մեղադրվող Ազատուհի Ավագյանին (անունը փոխված է): Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ա. Ավագյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2012 թ. սեպտեմբերի 12-ին ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում գտնվող իր տանը եղբոր հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով երկու անգամ հարվածել է եղբոր կրծքավանդակի շրջանում և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:
Բացի այդ, Ազատուհի Ավագյանին 2012 թ. նոյեմբերի 18-ին ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում գտնվող իր տանը, կրկին կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել եղբորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ազատուհի Ավագյանիը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր եղբայրը սպանության համար երկար տարիներ պատիժ է կրել է ՌԴ-ում, որից հետո` 2011 թվականին նա վերադարձել է Հայաստան և ապրել իրենց հետ: Համատեղ բնակվելու ժամանակ նա սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ և սպառնալիքներ տվել իր և իրենց ընտանիքի մյուս անդամների հասցեին, ցինիկ վերաբերմունք դրսևորելով իր և մոր նկատմամբ:
Բազմաթիվ անգամ նա ծեծի ու կտտանքների է ենթարկել իրեն այն պատճառով, որ մերժել է իր հետ սեռական հարաբերության մեջ մտնելու նրա առաջարկը: Եղբայրը երբեք չի աշխատել և չի էլ ցանկացել աշխատել, սակայն ստիպել է իր համար օղի գնել և բավարարել իր հաճույքները: Նա իրենից պահանջել է կամ իր համար աղջիկ գտնել կամ անձամբ բավարարել իր սեռական ցանկությունները, ասելով, որ «40 տարեկան ես ում համար ես մնացել»:
Եղբոր նման վարքագիծը իրեն հաճախ է դրդել գնալ ինքնասպանության, սակայն խղճալով իր մորը, նման քայլի չի գնացել: Նմանտիպ դեպքերի պատճառով ունեցել է առողջական խնդիրներ և բուժվել հիվանդանոցում:Եղբոր վարքից բողոքել է ոստիկանություն, սակայն հայտնել են, որ դա ընտանեկան, կենցաղային վեճ է, կհարթվի կգնա: Վերջին անգամ նման ոտնձգության ժամանակ եղբայրը կամ պետք է սպաներ իրեն կամ բռբնաբարեր: Խայտառակությունից պաշտպանվելու համար դանակով հարվածել է նրան, սակայն սպանելու դիտավորություն չի ունեցել:
Արարքը կատարել է իր և իրենց ընտանիքի պատիվը պահելու համար: Իր մոտ առկա է ձայնասկավառակ, որտեղ եղբայրը հայհոյում է իրեն, իրենց մյուս եղբորն ու մորը, սպառնում և անարգում իրենց հոր շիրիմը: Եթե ոստիկանությունը ժամանակին ընթացք տար իր բողոքին, քննիչի կողմից վերծանվեր նշված ձայնասկավառակը, գուցե հնարավոր լիներ խուսափել դժբախտ հետևանքից:
Համաձայն Ազատուհի Ավագյանի հիվանդության պատմության քաղավածքի նա 2008 թվականի մարտի 03-ից մինչև 2008 թվականի ապրիլի 03 բուժվել է «նեվրասթենիա» ախտորոշմամբ հիվանդությամբ:
Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները օրինական ուժի մեջ են թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: