ՍԴՀԿ. Բաքվի արկածախնդրությանը պետք է տալ համապատասխան գնահատական
05/08/2014 18:29

ՍԴՀԿ. Բաքվի արկածախնդրությանը պետք է տալ համապատասխան գնահատական

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է իր դիվերսիոն-ահաբեկչական գործողությունները Հայաստանի և Արցախի Զինված ուժերի հետ շփման գոտում: Ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ զրկվում են իրենց կյանքից՝ ընդ որում, հիմնականում հենց իրենց բանակից: Այս մասին ասված է ՍԴՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորադգրության մեջ:

«Պաշտոնական Բաքուն, թերևս, գլուխը կորցրել է նավթադոլարներից և մտածում է, որ առանց պատժվելու կարող է շարունակել իր ահաբեկչական գործողությունները, սակայն, վստահ ենք, որ այսուհետ ևս ստանալու է արժանի դիմադրություն Հայաստանի և Արցախի բանակների կողմից:

Ելնելով շփման գոտում առկա լարվածությունից, ինչպես նաև այն փաստից, որ միջազգային հանրությունն ուղղակի աչք է փակում Ադրբեջանի վայրագ գործողությունների վրա՝ Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է.

. Շփման գծում ցանկացած զինվորականի և խաղաղ քաղաքացիական բնակչի արյունը և ողջ քաղաքական պատասխանատվությունը ծանրանում է պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության մանդատը ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների վրա:

. Կուսակցությունը կոչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ ի մասնավորի Ռուսաստանի Դաշնությանը, Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական՝ հաշվի առնելով վերջինիս ստանձնած պարտականությունները երկկողմ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Բացի այդ, եթե Ադրբեջանը շարունակի ահաբեկչական գործողությունները, Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջելու է Հայաստանի իշխանություններից պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու համապատասխան կոչով դիմել բոլոր բարեկամ երկրներին:

Կուսակցությունը նաև խոնարհվում է Հայրենիքի պաշտպանության ճանապարհին ընկած մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և սգում ծանր կորուստը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՍԴՀԿ. Բաքվի արկածախնդրությանը պետք է տալ համապատասխան գնահատական