ԱՄՆ պետդեպ. ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ
05/08/2014 12:50

ԱՄՆ պետդեպ. ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ

ԱՄՆ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի վերաբերյալ, որը զգալի զոհերի պատճառ է դարձել, և իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես գործողություն ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և հարգել հրադադարը: 

«Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Պատասխան քայլերը և բռնությունները միայն ավելի կբարդացնեն խաղաղ կարգավորման հնարավորությունը: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ, հակված ենք օգնել կողմերին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման»,- ասել է Ջ.Փսակին:

Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը.

«Ինչ վերաբերում է հանդիպման առանձնահատկություններին, ես չեմ խոսել մեր թիմի հետ այդ մասին: Մենք ավանդաբար աջակցել ենք նման հանդիպումներին, որպեսզի այս խնդիրների շուրջ երկխոսություն կայանա»:

Փսակիին նաև հարց է ուղղվել այն մասին, որ ենթադրվում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ հանդիպումների հաջորդ փուլն անցկացնել ԱՄՆ-ում: «Ի՞նչ տեղի ունեցավ: ԱՄՆ-ն նախաձեռնե՞լ է անցկացնել այդ բանակցային գործընթացը: Դա չի՞ հաջողվել: Եվ որտե՞ղ է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այն ամբողջությամբ տեսադաշտից դո՞ւրս է: Արդյո՞ք ԱՄՆ համանախագահն ընդհանրապես մասնակցում է այս բանակցություններին»,- հարցրել է լրագրողը Փսակիին:

«Ես կարող եմ ստուգել և տեսնել, թե նման բան ծրագրվե՞լ էր: Հնարավոր է՝ ընդամենը բամբասանք է եղել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: 

ԱՄՆ պետդեպ. ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ