Վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքը կքննի ֆինանսական համակարգի հաշտարարը
07/08/2014 17:30

Վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքը կքննի ֆինանսական համակարգի հաշտարարը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին առաջարկվող զարգացման քաղաքականության գործառնության (DPO) ծրագրային փաստաթղթով և տեխնիկական առաջարկություններով:

Նիստի հավանությունն են ստացել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով կկարգավորվեն սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնի հետ կապված հարաբերությունները:

Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առցանց հեռարձակել ՀՀ ԱԺ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի աշխատանքը: Կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը, եթե այն պետբյուջեի համար լրացուցիչ ծախս չառաջացնի:

Քննության է առնվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են շտկել օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունները, ինչին նույնպես կառավարությունը չի առարկում:

Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է տարընթերցման, ոչ հստակ դրույթների շտկմանը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել:
 

Վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքը կքննի ֆինանսական համակարգի հաշտարարը