«Աշխատավարձը բարձրանալուց հետո բուժաշխատողի աշխատավարձը նվազել է»
07/08/2014 20:31

«Աշխատավարձը բարձրանալուց հետո բուժաշխատողի աշխատավարձը նվազել է»

Դեռ այս տարվա սկզբից հայտարարվեց, որ բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվելու են այս տարվա օգոստոս ամսից: Աշխատավարձերը բարձրացվեցին, բայց դա դժգոհություն առաջացրեց բուժաշխատողների շրջանում:
Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 12 պոլիկլինիկայի բուժքույր Նաիրան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աշխատավարձերի բարձրացման արդյունքում իրենց աշխատավարձ մի բան էլ նվազել է:

«Այսքան ժամանակ ասում էին, որ բուժաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են օգոստոսից, սակայն պարզվեց, որ նոր գործակցով բարձրանալու են միայն բժիշկների աշխատավարձերը, իսկ բուժքույրերի աշխատավարձը շատ չնչին է բարձրանալու, յուրաքանչյուր հիվանդի համար մոտ 3 դրամով և նոր հաշվարկով իմ աշխատավարձը մի բան էլ նվազել է: Բուժքույրերի և բժիշկների աշխատավարձերի միջև տարբերությունը միշտ եղել է 20 տոկոս: Միթե հնարավոր չէ բյուջեն այնպես բաշխել, որ բոլորինն էլ համաչափ բարձրանա»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ, եթե բուժաշխատողի աշխատավարձը ցածր է, ուրեմն նա ավելի քիչ թվով բնակչություն ունի կամ էլ այդ բուժհաստատությունում բժիշկների քանակն է ավել:

«Հուլիսի 1-ից բժիշկների աշխատավարձը բարձրացել է 2.75 գործակցով, իսկ բուժքույրերինը` 1.15 գործակցով։ Բժշկի միջին աշխատավարձը կազմել է 166,5 հազ դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը` 75,0 հազ. դրամ: Բացի այդ, տեղամասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները և ընտանեկան բժիշկները և նրանց բույժքույրերը ունեն ամսեկան մինչև 15,0 հազար դրամի չափով լրացուցիչ խրախուսական վարձատրման հնարավորություն՝ կապված նրանց կողմից կատարված աշխատանքի որակից և ծավալից: Նախատեսվում են նաև օրենքով սահմանված հավելումներ աշխատանքի վտանգավոր պայմանների, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում աշխատանքի համար, որի արդյունքում բժշկիների աշխատավարձը կտատանվի 166,5-216,4 հազ. դրամի շրջանակում։ Չկան առոջության առաջնային պահպանման հիմնարկներ, որտեղ աշխատավարձի բարձրացում չլինի` 18-ից մինչև 100 տոկոս (միջինը` 70)։ Շեղումները պայմանավորված են երկու գործոնով` հավաքագրված բնակչության նվազումով և անձնակազմի գերհագեցվածությամբ»,- հայտնեցին ԱՆ լրատվական բաժնից։

Հարցին՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել այս կամ այն բարձրացումը, ԱՆ լրատվականից հայտնեցին, որ իրենք առաջնորդվել են Կառավարության որոշմամբ, ըստ որի էլ կան հստակ չափորոշիչներ, որոնցով հաշվարկվում է աշխատավարձը, և եթե տվյալ աշխատողը չի ապահովել որոշակի թվաքանակ, նրա աշխատավարձը կարող է և նվազել:

«Սակայն չէ որ կոմունալ հարկերը և գները բոլորի համար են բարձրացվել»,-նկատեց բուժքույր Նաիրան:
 

 

«Աշխատավարձը բարձրանալուց հետո բուժաշխատողի աշխատավարձը նվազել է»