«Կանանց 80 տոկոսը հղիությունն ընդհատել է «Սայտոտեկի» օգնությամբ»
07/08/2014 20:03

«Կանանց 80 տոկոսը հղիությունն ընդհատել է «Սայտոտեկի» օգնությամբ»

Օգոստոսի 1-ից արգելվել է առանց դեղատոմսի «Սայտոտկ» դեղի ձեռքբերումը դեղատներից:

Իրավիճակի վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ-թղթակից, Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ:

Մասնագետը նշեց, որ Առողջապահության նախարարության արգելքը անհրաժեշտ միջոցառում էր: Թեև, նրա խոսքով, «Սայտոտեկը» նախատեսված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար: Այն հակացուցված է հղի կանանց, սակայն հենց նրանք էլ անցանկալի հղիությունից ազատվելու համար դիմում են դեղամիջոցի օգնությանը:

Ռ. Աբրահամյանը հաղորդեց, որ «Սայտոտկը» առաջացնում է հղիության ընդհատում, սակայն ոչ ամբողջովին: Հղիությունն ընդհատելու համար պետք է նաև երկրորդ դեղամիջոց օգտագործել, որը թանկ լինելու, կամ չիմանալու պատճառով, կանայք չեն օգտագործում: Հաճախ միայն «Սայտոտեկ» օգտագործելով կանանց մոտ ի հայտ է գալիս թերի վիժում, արյունահոսություն և նրանք հայտնվում են հիվանդանոցում: Այս իրավիճակը կարող է հանգեցնել նաև անպտղության, հետագա բարդությունների, բորբոքումների: Հաճախ կանայք դեղն օգտագործում էին մեծ հղիությունենրի դեպքում` 22 շաբաթական:

Մասնագետը հիշեցրեց, որ ՀՀ օրենքով թույլատրվում է հղիության ընդհատումը մինչև 12 շաբաթական և մինչև 22 շաբաթական, եթե պտղի հետ կապված խնդիրներ կան: Եթե կինը ցանկանում է հղիությունը ընդհատել մինչև 12 շաբաթական, ապա կարող է այցելել մանկաբարձագինեկոլոգիական կենտրոններ և բժշկի հսկողությամբ հղիությունը ընդհատել:

Մեկ կարևոր հանգամանք ևս, Ռազմիկ Աբրահամյանը շեշտեց. ՀՀ-ում չկան ստույգ տվյալներ, թե որքան է տարեկան արհեստական ընդհատումների քանակը, նա հիշեցրեց, որ երկու մարզերում հետազոտություն է կատարվել և պարզվել է, որ կանանց 80 տոկոսը հղիության ընդհատումն իրականացրել է «Սայտոտկի» օգնությամբ:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է արգելել դեղատներին` առանց դեղատոմսի «Սայտոտկ» վաճառել, մասնագետը շեշտեց, որ վերահսկողություն է պետք, նաև եթե արյունահոսությամբ կինը հայտնվում է հիվանդանոցում, ապա պետք է տեղեկանալ, թե որ դեղատնից է «Սայտոտեկ» գնել և միջոցառումներ ձեռք առնել:

Նախորդող հրապարակում՝ Բժիշկ. Ինչո՞ւ չի արգելվում «Սայտոտեկի» վաճառքը
 

«Կանանց 80 տոկոսը հղիությունն ընդհատել է «Սայտոտեկի» օգնությամբ»