.jpg)
Ահազանգ. Տիգրան Մեծ 22 հասցեի բնակիչները 20 օր է՝ ջուր չունեն (Տեսանյութ)
Տիգրան Մեծ 22 հասցեի առանձնատներում մոտ 3 շաբաթ ջուր չկա: Բնակիչներն ահազանգելով Aysor.am-ի խմբագրություն տեղեկացրեցին, որ Ռաֆիկ անունով մեկը մոտակա շենքի նկուղային հարկը սեփականաշնորհել է, այնտեղ շինարարություն սկսել, որի ընթացքում կտրել է թաղամաս տանող ջրատար խողովակը:
Թաղամասում 6 բնակելի տուն կա: Տեղի բնակիչներից տիկին Շողիկը մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 20 օր է՝ դույլերով ջուր են բերում հարակից դպրոցի բակի ցայտաղբյուրից:
«Մոտ 3 շաբաթ է, ինչ ջուր չունենք: Ռաֆիկ անունով մի մարդ որոշել է այդ տարածքը սեփականաշնորհել և բնակիչների ջուրը կտրել: Ջրատար խողովակը, որը շենքի նկուղում է, առանց մեզ տեղյակ պահելու կտրել է և պատի մեջ սվաղել»,- ասաց բնակչուհին՝ բացատրելով, որ սկզբում այդ մարդը խոստացել է՝ բնակիչները ջուր կունենան, բայց հետագայում այդ խոստումը, չգիտես ինչու, մոռացել է:
«Մեզ ասաց, թե ջրատար խողովակը պայթել է, ջուրը լցվել է նկուղ: Իսկ խողովակը կտրելու մասին մեզ՝ բնակիչներիս, տեղյակ չի պահել»,- նշեց տիկին Շողիկը՝ ավելացնելով՝ եթե նա այդ մասին բնակիչներին տեղյակ պահեր, գուցե նրանք այդ խնդիրը լուծեին ինքնուրույն:
«Ուղղակի սառնաստորեն ասաց, որ ջուրը խանգարում է, բայց խողովակը կտրելու մասին որևէ բան չասաց»,- նշեց մեկ այլ բնակչուհի: Նրա խոսքով՝ արդեն 20 տարի է մարդիկ այդ թաղամասում ապրում են ու երբևէ ջրի խնդիր չեն ունեցել:
«Մենք դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որտեղից, սակայն, մեզ ուղղորդել են «Հայջրմուղկոյուղի»: Դիմել ենք նաև ջրմուղ, եկել, ստուգել են, բայց մինչ օրս ջուր չունենք: Հիմա էլ ոչինչ չեն ասում ու մնացել ենք սպասումով»,- ասաց բնակչուհին:
Aysor.am-ը տվյալ հարցի վերաբերյալ դիմեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ընկերություն, որտեղ մեզ հետ զրույցում հաստատեցին՝ իրենք տեղյակ են խնդրի մասին: Ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն փողոցում գտնվող ջրատար խողովակների և դրանց վնասվելու դեպքերի համար, իսկ շենքի ներսում գտնվող խողովակները տեղի համատիրության պատասխանատվության տակ են:
Բնակիչները նշեցին, որ խնդրի մասին տեղյակ են պահել նաև համատիրությանը.
«Դիմել ենք նաև իրավաբանի՝ իրավական խորհուրդ ստանալու: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև իրավապահ մարմիննրին»,- ասաց տիկին Շողիկը:
Խնդրի վերաբերյալ մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան, որի մասին լրացուցիչ կտեղակացնենք:
Մանրամասները՝ կից տեսանյութում: