Առողջապահության նախարարը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի բուժխնդիրներին
08/08/2014 17:09

Առողջապահության նախարարը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի բուժխնդիրներին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսեց Վարդենիսից:Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացավ կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը և մասնագետներով ապահովվածությանը:

Թեև հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածության բարելավման խիստ անհրաժեշտություն:

Նշենք, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը սպասարկում է ավելի քան 47000 բնակչի:

Վարդենիսում նախարարն այցելեց նաև կայազորային զինվորական հոսպիտալ: Նա ծանոթացավ շենքային և տեխնիկական պայմաններին, զրուցեց բուժում ստացող զինվորների հետ, հետաքրքվեց նրանց բուժման ընթացքով:

Արմեն Մուրադյանն ուշադրություն դարձրեց նաև հաստատության լաբորատոր գործիքային հագեցվածությանը:

Մարտունու բժշկական կենտրոնում ևս նախարարը կարևորեց վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների պատրաստվածությունը, ծանոթացավ կադրային և տեխնիկական հնարավորություններին: Նա նշեց, որ հաջողության գրավականը աշխատանքի և ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումն է: Մասնավորապես, նախարարը հորդորեց առաջնորդվել առողջապահության նախարարության մասնագետների կողմից վերջերս մշակված աշխատավարձի ձևավորման չափորոշիչներով:

Ի պատասխան առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի բարձրացման առթիվ շնորհակալական խոսքի` Արմեն Մուրադյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման խնդիրը քաղաքական կարևոր նշանակություն ունի, և որն իրականություն դարձավ կառավարության կամքի և ջանքերի շնորհիվ: Առողջապահության նախարարությունն էլ, ըստ Արմեն Մուրադյանի, քայլեր ձեռնարկեց, որպեսզի աշխատավարձերի բարձրացումը զգալի լինի հենց առաջին ամսում:

«Պետք է հասնենք նրան, որ բնակիչը տարին գոնե մեկ անգամ այցելի պոլիկլինիկա անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համար»,- ընդգծեց առողջապահության գլխավոր կազմակերպիչը:

Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելեց Մարտունու ծննդատուն: Այն վերանորոգվել է 1996 թվականին իտալացի բարերարների միջոցներով: Գեղարքունիքի մարզ աշխատանքային հանդիպումները կեզրափակվեն Գավառի բժշկական կենտրոն, Սևանի հիվանդանոց և հոգեբուժարան այցերով:

Առողջապահության նախարարը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի բուժխնդիրներին