.jpg)
Զինվելու ենք այնքան, մինչև մեր հարևանը դարձի կգա. Դավիթ Տոնոյան. Azatutyun
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին ԱՄՆ-ում է, վստահաբար ասում է, թե Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի յուրաքանչյուր գործողության։ Այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը:
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տված մամուլի ասուլիսի ժամանակ «Ամերիկայի Ձայնի» հարցին, թե լայնածավալ գործողություններ սկսելու դեպքում ի՞նչ զորքեր կկիրառի Ադրբեջանը՝ ցամաքայի՞ն, թե՞՝ օդային, Դավիթ Տոնոյանը արձագանքեց, թե «Բաքուն կդիմի իր ունեցած բոլոր հնարավորություններին, իսկ մենք կդիմենք համապատասխան քայլերի»։
Ռուսաստանի արտգործնախարարության կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը, Հայաստանի պաշտպանության փոխնախարարի համոզմամբ, ուղղված էր երկու կողմերին։ Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպումից ակնկալիքներին, նա ասում է, թե առավելագույնը կարելի է ակնկալել մի նոր հայտարարություն, որից հետո Ադրբեջանը դժվար թե դադարեցնի իր գործողությունները։
Ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին մտավախությանը Դավիթ Տոնոյանը տալիս է հետևյալ պատասխանը.
«Նախնական քննարկում անգամ չի եղել այդ հարցով։ Հայկական զինված ուժերն ինքնուրույն ու հաջողությամբ կարողանում են կատարել այդ գործը։ Երրորդ ուժի տեղակայման հարց չենք դիտարկում ոչ Ռուսաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ։ Բացի այդ, խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն խաղաղության ինչ-որ մի համաձայնագրի կնքումից հետո»։
Հայաստանը շարունակելու է պահպանել ռազմական բնագավառում հավասարակշռությունը։ Դավիթ Տոնոյանը հիշեցնում է, որ Հայաստանը Ռուսաստանից այդ նպատակով ձեռք է բերում ժամանակակից այնքան զենք, որքան հարկավոր է ադրբեջանցիներին կասեցնելու համար։
Նայութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: