Երևանում կայացավ Գլենդելի «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը
08/08/2014 17:40

Երևանում կայացավ Գլենդելի «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը

Օգոստոսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում` Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի ունեցավ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը՝ գեղարվեստական ղեկավար Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը և ափսոսանքը, որ հանգամանքների բերումով մայրաքաղաքում չէ և չի կարող մասնակցել «Կոմիտաս» երգչախմբի առաջին մենահամերգին Երևանում: «Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2004թ.` Սփյուռքում հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով: 48 անդամ ունեցող երգչախումբն ամեն տարի հոկտեմբերին համերգային ծրագրով ելույթ է ունենում մշակույթի ամսվան նվիրված միջոցառմանը: Համերգներ է ունեցել Կալիֆորնիայի Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և պարգևատրվել մրցանակներով ու պատվոգրերով:

Հայապահպանության գործում ունեցած մեծ ներդրումի և ազգանպաստ մեծածավալ աշխատանքներ կատարելու համար ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով երգչախումբը պարգևատրվում է նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով: Հաճույքով կատարում եմ ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարականը, որն ունի իր շարունակությունը: Երգչախմբի ստեղծման դժվարին գործում ունեցած մեծ ավանդի ու մեծն Կոմիտասի արվեստի անխոնջ քարոզչության համար ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով նախարարը պարգևատրում է երգչախմբի սյուներից մեկին՝ պարոն Վարանդ Հովնանյանին»:

Համերգին ներկա էր և ոգևորությամբ ելույթներին էր հետևում նաև մեծ բարերար Վահագն Հովնանյանը կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ: «Կոմիտաս» երգչախումբը, որի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Մ. Եկմալյանի, Բ. Կանաչյանի, Խ. Ավետիսյանի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, ելույթ ունեցավ լեփ-լեցուն դահլիճում, արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություններին ու բարձր գնահատանքին:

 

Երևանում կայացավ Գլենդելի «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը