ՊՆ հասարակական խորհուրդը կաջակցի հայրենասիրական նախաձեռնություններին
08/08/2014 18:23

ՊՆ հասարակական խորհուրդը կաջակցի հայրենասիրական նախաձեռնություններին

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամությունն է հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը: Դրանում ասվում է.

«Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:

Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության և խիզախության արժանի օրինակներ: Ցավոք, ունեցանք զոհեր: Մենք խոնարհվում ենք մեր զոհված հերոսների շիրիմների առջև և հպարտությամբ կպահենք նրանց հիշատակը մեր սրտերում:

Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսևորումներ է ունենում: Այլևս ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի և սաստի Ադրբեջանին: Պատմությունն արձանագրել է թողտվության և «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության ծանր հետևանքները: Այժմ դա չպետք է կրկնել:

Մենք ողջունում ենք հայրենիքի պաշտպանության և հայոց բանակին սատարելու գաղափարի շուրջ այս օրերին տեղի ունեցող հասարակական լայն համախմբումն ու համերաշխության դրսևորումը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը:

Մեր հասցեն է` Երևան, Մոսկովյան 5, հեռախոսներ` 010523482, 010523486»:

 

ՊՆ հասարակական խորհուրդը կաջակցի հայրենասիրական նախաձեռնություններին