.jpg)
Երբ խոսքը գնում է հայերի մասին, թուրքերի լկտիությունը սահման չունի
«Էրդողանն իր հայտարարությամբ ցույց է տալիս, որ առաջնորդվում է ոչ միայն ռասիստական գաղափարախոսությամբ, այլև հայերի նկատմամբ ատելությամբ է լցված»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից հնչեցված հայտարարությանը, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Հիշեցնենք, որ NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ների կողմից իր հասցեին եղել են վիրավորական հրապարակումներ:
«Թողեք Թուրքիայում թուրքն ասի, որ թուրք է, քուրդն ասի՝ քուրդ է: Դրանում ի՞նչ վատ բան կա: Եղիր այնպես, ինչպիսին իրականում ես: Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել: Ասել են՝ վրացի եմ: Ավելի տգեղ բաներ էլ են ասել, կներեք արտահայտությանս համար, ասել են նաև, որ հայ եմ: Ես պապերիցս, հորիցս լսել, սովորել եմ, որ թուրք եմ»,- ասել էր նա:
Հակոբ Չաքրյանը նշեց, որ նման հայտարարությունը վիրավորական է հայերի համար: «Զարմանում եմ՝ ի՞նչ երեսով պետք է վաղը նա հանդիպի իր հայ ընտրազանգվածի հետ, իսկ որ ամենավատն է՝ ՀՀ Նախագահի հետ: Թուրքիայում գոյություն ունի հայկական համայնք, որը ձևավորվել է դեռ հին ժամանակներից: Այդ մարդիկ ի՞նչ պետք է մտածեն մի նախագահի մասին, որը «հայ» ասելով գարշանք է զգում»,- նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ նախագահի թեկնածուի կողմից դա անքաղաքավարի վերաբերմունք է ազգային փոքրամասնություների նկատմամբ:
Չաքրյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ Էրդողանի հայտարարությունը, թե հայերը թուրքերի եղբայրներն են, ովքեր ապրել են կողք կողքի, կեղծ էր ու շինծու: «Ապրիլքսանչորսյան նրա ուղերձը փաստորեն անկեղծ չէր: Դրանով պարզապես ուզում էր թոզ փչեր միջազգային հանրության աչքին: Էրդողանը հայտարարց, որ քրդին չի սիրում, որ նրանք քրդեր են, չերքեզին չի սիրում, որ նրանք չերքեզ են, բայց սիրում եմ նրա համար, որ ինձ ստեղծող Ալլահը նրանց էլ է ստեղծել: Ստացվում է, որ Էրդողանի Աստվածը հայինը չէ: Այսինքն՝ այստեղ ոչ միայն ազգային խտրականության խնդիր կա, այլ կրոնական: Սա խոսում է ոչ այնքան նրա՝ պետական գործչի որակի, որքան մարդկային որակների մասին»,- հավելեց նա:
Հ. Չաքրյանի կարծիքով՝ այդ հայտարարությունը դժվար թե անդրադառնա նրա վարկանիշի վրա, քանի որ Էրդողանը միակ քաղաքական գործիչը չէ, որ նսեմացնում է «հայ» հասկացությունը: «Հայը Թուրքիայում հայհոյանքի պես մի բան է դարձել: Անգամ Թուրքիայի ներքին գործերի նախարարը ժամանակին հայտարարեց, թե Աբդուլա Օջալանը հայի վաստակ է»,- հիշեց Չաքրյանը՝ նկատելով, որ երբ Թուրքիայում խոսքը գնում է հայերի մասին, թուրքերի լկտիությունը՝ լինի դա պետական գործիչ, թե հասարակ քաղաքացի, չափ ու սահման չի ճանաչում: