.jpg)
Լիբանանահայերի համար իսլամիստների ակտիվացումը իրական սպառնալիք է
Լիբանանում «Ջեբհատ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության մարտիկները լքել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Էրսալ քաղաքը՝իրենց հետ տանելով բազմաթիվ գերիներ:
Լիբանանում կառավարական ուժերը վերջին օրերին ակտիվ պայքար են մղում Սիրիայի տարածքից ներթափանցող ծայրահեղ իսլամիստական խմբավորումների դեմ, որոնք ցանկանում են ապակայունացնել Լիբանանը և այդ երկրի, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական կարգեր հաստատել:
Հակաահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է լիբանանցի 17 զինծառայող, ևս 85-ը՝ վիրավորվել է: Կառավարական ուժերի և «Ջեբհատ ան-Նուսրայի» և «Իսլամական պետության» մարտիկների միջև զինված բախումները սկսվել են օգոստոսի 2-ին՝ Էրսալ քաղաքում, այն բանից հետո, երբ ձերբակալվել էր ծայրահեղականների դաշտային հրամանատարներից մեկը՝ Իմադ Ամհեդ Ջումուան:
Հարևան Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը իր արձագանքն է գտել նաև հարևան բազմազգ և կրոնական խայտաբղետությամբ աչքի ընկնող Լիբանանում, որը կարող է վերածվել շիա-սունի հակամարտության նոր օջախի:
Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը որոշում է կայացրել մոբիլիզացնել պետական ողջ համակարգը՝իսլամիստների դեմ պայքարելու համար:
Լիբանանի ապակայունացման փորձերը նոր չեն: Մի քանի ամիս առաջ Սիրիայի տարածքից հրետակոծվել էր Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմել քաղաքը, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ:
Սիրիային սահմանակցող 4 մլն բնակչություն ունեցող Լիբանանը սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր ընդունել է 1.300.000 սիրիացի փախստական, որոնց 70 %-ը կանայք և երեխաներ են, 30 %-ը՝ տղամարդիկ, որոնք անցել են պատերազմի բոհով և կարող են անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և ապակայունացնել իրավիճակը Լիբանանում:
Սիրիական ճգնաժամի հետևանքով Լիբանանում փախստականների ներհոսքի շնորհիվ ավելացել է սունիների թիվը, ինչը անհանգստացնում է էթնոկոնֆեսիոնալ փխրուն բալանսը պահպանող լիբանանյան ղեկավարությանը:
Սիրիայում ռազմական գործողությունները լիբանանյան հասարակությանը պառակտել են երկու ճամբարի՝ մի հատվածը աջակցում է «Հզբոլահին», որը պատերազմում է Սիրիայում՝ Ասադի վարչակարգի պահպանման համար, իսկ մյուս հատվածը՝ համակրում է Սիրիայի ազատ բանակին, որոնք պայքարում են Ասադի դեմ:
Լիբանանյան «Հզբոլահ» շարժումը աջակցելով Բաշար Ասադին, Լիբանանի տարածքում դարձել է սիրիական իսլամիստական տարբեր խմբավորումների թիրախ: Մայրաքաղաք Բեյրութում վերջին մի քանի ամիսների ընթացքում ահաբեկչություններ են տեղի ունեցել «Հզբոլահի» վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Սիրիական ճգնաժամը, որը կարծես թե վերածվում է սունի-շիա հակամարտության, դոմինոյի էֆեկտով տեղափոխվել է Լիբանան, ինչի վառ օրինակներից է երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում սունիների և ալևիների միջև զինված բախումները, ինչի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ:
Լիբանանի համար էթնոկոնֆեսիոնալ բախումները կարող են կործանարար լինել պետականության և երկրի տարածքային ամբողության համար: Չպետք է մոռանալ, որ Լիբանանը 1975-1990 թթ.-ին անցելէ դաժան քաղաքացիական պատերազմի բոհով, ինչի մասին հիշողությունը թարմ է հասարակության գիտակցության մեջ:
Լիբանանում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենակայացած համայնքներից մեկը՝ լիբանանահայ գաղութը, որը սունի-շիա հակամարտության և Լիբանանում ծայրահեղ իսլամիստական տրամադրությունների և ահաբեկչությունների թվի աճին զուհագեռ ստիպված կլինի արտագաղթել երկրից և կրկնել իրենց սիրիահայ եղբայրների ճակատագիրը:
Քաղաքական չեզոքության պահպանման դեպքում միևնույն է համայնքը չի կարող ապահովագրված լինել փողոցում կատարվող ահաբեկչություններից կամ ռազմական բախումների վտանգից, Սիրիայից՝Լիբանանի տարածքի հրետակոծություններից և ընդհանուր առմամբ, Լիբանանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման բացասական հետևանքներից:
Այսպիսով, Լիբանանի կայունությունը և այնտեղ գտնվող լիբանանահայության անվտանգության բավարար մակարդակի պահպանումը բխում է ՀՀ-ի շահերից, ինչպես հայրենակիցների նկատմամբ բարոյական պատասխանատվության, այնպես էլ Մերձավոր Արևելքում հայկական գործոնի և ներկայության պահպանման տրամաբանությունից ելնելով:
Ակնկալվում է նաև, որ ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՖԻԼ» խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում: