Հակառակորդի կրակոցների պատճառով սահմանամերձ Այգեպարում երկու տուն է այրվել
10/08/2014 11:15

Հակառակորդի կրակոցների պատճառով սահմանամերձ Այգեպարում երկու տուն է այրվել

Այս գիշեր ժամը 04.20-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի տներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:

Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները:
Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են: 

Aysor.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ այս գիշեր կրակոցները սկսվել են ժամը 2-ին, երբ գյուղն արդեն քնած էր. 

«Խոշոր տրամաչափի զենքերից էին կրակում: Այդ տներն էլ որ հրդեհվեց` փրկարարներ կանչեցինք: Մոտիկ չկարողացան գան կրակոցների պատճառով: Հիմա գյուղի երկու ընտանիքի տուն լրիվ վառվել ա` գույքով, ամեն ինչով: Ամբողջ գիշեր դույլերով ջուր ենք բերել, բայց դե դա ինչ...»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:

Նշենք, որ հայ դիրքապահների կողմից հակառակորդին տրվել է պատասխան կրակ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին:

Կրակոցները շարունակվել են մինչև առավոտյան ժամը 6.30-ը: 

 

Հակառակորդի կրակոցների պատճառով սահմանամերձ Այգեպարում երկու տուն է այրվել