.jpg)
Վ. Պուտին. Խնդիրների լուծման ժամանակ պետք է օգտվենք մեր պատմական կապերից
Այսօր Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նածագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած կան տարածաշրջանային խնդիրների լուծման միջազգային ձևաչափեր` պետք է օգտվել նաև այն հնարավորությունից, որը տալիս են Ռուսաստանի, Հայաստանի և ադրբեջանի պատմական կապերը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք, անկասկած, հարգանքով ենք վերաբերվում բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք առավել սերտ հարաբերություններ ունենք, ունենք խոր նախապատմություն, որը մեզ թույլ է տալիս անկեղծորեն կարծիքներ փոխանակել այն հարցի շուրջ, թե որտեղ ենք գտնվում և ինչ է պետք անել, որպեսզի շարժվենք դեպի այս խնդրի կարգավորում: Խնդիր, որը մեզ բաժին է հասել անցյալից»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ երեկ հնարավորություն է ունեցել քննարկել երկկողմանի խնդիրներն ինչպես Հայաստանի, այնպես էլ` Ադրբեջանի նախագահների հետ: Բացի այդ շփվել է նրանց հետ նաև ոչ պաշտոնական ձևաչափով:
«Երեկոյան մենք շփվեցինք ոչ պաշտոնական միջավայրում: Ճիշտ է, փառք Աստծո, երեկ երեկոյան մենք չենք անդրադարձել գործնական հարցերին, այնուամենայնիվ, կար հնարավորություն խոսել միմյանց հետ տարբեր թեմաներով: Մենք ստեղծեցինք համապատասխան մթնոլորտ, որպեսզի անկեղծորեն խոսենք տարածաշրջանային կարգավորումներին վերաբերող ամենաբարդ հարցերի մասին»,- նշել է Վլադիմիր Պուտինը: