Սարգսյանի հարցն Ալիևին. ՄԱԿ-ի բանաձևի ո՞ր դրույթն է իրականացրել Ադրբեջանը
10/08/2014 16:20

Սարգսյանի հարցն Ալիևին. ՄԱԿ-ի բանաձևի ո՞ր դրույթն է իրականացրել Ադրբեջանը

«ՄԱԿ-ն ընդունել է 4 բանաձևեր, որոնք պահանջում են անհապաղ դուրս բերել հայկական օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքից: Ցավոք, վերջին 20 տարիների ընթացքում այդ բանաձևերն այդպես էլ մնացել են թղթի վրա»:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ընթացքում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս, բանակցությունների միջոցով և խաղաղ ճանապարհով՝ մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքների, ինչպես նաև՝ արդարությանը»,- ասել է Ի. Ալիևը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այս հայտարարությանն արձագանքել է հարցով՝ իսկ կատարե՞լ է արդյոք Ադրբեջանը ՄԱԿ-ի բանաձևերով ստանձնած պարտավորությունները:

«Ադրբեջանական կողմն ամեն անգամ հղում է կատարում ՄԱԿ-ի 4 բանաձևերի վրա: Այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին. Իսկ այդ բանաձևերի ո՞ր դրույթն է իրականացրել Ադրբեջանը»,- հարցրել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահը նաև ավելացրել է, որ Հայաստանն իրականացրել է այդ պահանջներն ու օգտագործել իր ազդեցությունը՝ ռազմական գործողություններ թույլ չտալու համար:

Սերժ Սարգսյանը նաև հիշեցրել է, որ 1990-ական թվականներին կողմերը եկել են կարծիքի, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Իսկ եթե մենք նորից սկսենք մեղադրել միմյանց, կարծում եմ՝ դեռ բավականին երկար ժամանակ հակամարտությունը կարգավորում չի ստանա»,- նշել է Հայաստանի Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ «այս հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»: 

Սարգսյանի հարցն Ալիևին. ՄԱԿ-ի բանաձևի ո՞ր դրույթն է իրականացրել Ադրբեջանը