.jpg)
Սարգսյան. Հայաստանը միակ երկիրն է, որ կատարել է ՄԱԿ բանաձևերի պահանջները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոչիում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի առանցքային թեման ԼՂ հակամարտության կարգավորումն է:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է.
«Այս հարցը լուծում է պահանջում. այն շատ ձգձգվեց: Հույս ունեմ, որ ձեր անմիջական մասնակցությունը նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափ, ինչպես նաև՝ հակամարտության կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք պահանջում են անհապաղ դուրս բերել հայկական օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքից, ցավոք, ավելի քան 20 տարի շարունակ մնում են թղթի վրա... Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր ու հարևան, իհարկե, առանձնահատուկ դերակատարում ունի կարգավորման գործընթացում: Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս, բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև՝ արդարությանը»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան, հայտարարել է.
«Ադրբեջանական կողմն ամեն անգամ հղում է կատարում ՄԱԿ-ի 4 բանաձևերի վրա: Այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին. Իսկ այդ բանաձևերի ո՞ր դրույթն է իրականացրել Ադրբեջանը: Միակ երկիրը, որ իրականացրել է այդ բանաձևերի պահանջները, Հայաստանն է, որն օգտագործել է իր ազդեցությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Եվ եթե վերադառնանք 90-ական թվականների սկզբի իրադարձություններին, կարծում եմ՝ մի կողմից լավ կլինի, իսկ մյուս կողմից, հնարավոր է, ինչ-որ բան ձգձգվի... Եթե սկսենք կրկին մեղադրել միմյանց, կարծում եմ՝ բավականին երկար ժամանակ այս հակամարտությունը լուծում չի ստանա»,- ասել է Նախագահ Սարգսյանն ու հավելել.
«Մենք համարում ենք, որ, իրականում, հակամարտությունը կարելի է լուծել, կարելի է լուծել փոխզիջումների հիման վրա, այն սկզբունքների, որ մեզ առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ասել է Նախագահ Սարգսյանը: