.jpg)
Քաղաքագետ. Ալիևը մնում է ապակառուցողական
Ադրբեջանի ցածր ռազմաբարոյական ոգին ստացավ և՛ ռազմական, և՛ բարոյական նոր հարված: Այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ամփոփելով երեկ տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:
-Պարոն Մարկարով ինչպե՞ս կգնահատեք Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները և որքանո՞վ հանդիպումն ազդեցություն կունենա ներկայումս սահմաններում տիրող իրավիճակի վրա:
-Եկեք ուշադրություն դարձնենք տարբեր դերակատարների պահվածքին այս հանդիպման ժամանակ և փորձենք գնահատել ամեն մեկինն առանձին:
Պարզ է, որ քանի որ հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ, այն միջազգային իրավիճակում, որում այսօր գտնվում է Ռուսաստանը՝ սա փորձ է ցույց տալ, որ տվյալ երկիրը ունի նաև որոշակի կառուցողական պոտենցիալ կոնֆլիկտների կարգավորման համար: Տվյալ պարագայում, բնականաբար, խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փորձի մասին, չնայած պարզ է, որ գոյություն ունի զուգահեռ ընթացող և բոլորի կողմից ճանաչված, համանախագահողների կողմից ղեկավարվող գործընթաց: Բնական է, որ տվյալ պարագայում Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ երկիր, և ոչ միայն համանախագահողների միջոցով, այլև որպես առանձին դերակատար՝ հաշվի առնելով իր հարաբերությունները Հարավ-կովկասյան պետությունների և կոնկրետ տվյալ երկու պետությունների հետ:
Երկրորդը, հաշվի առնելով այն դիրքորոշումը, որն այսօր բարձրաձայնվել է Ադրբեջանի նախագահի կողմից, կարելի է ասել, որ նա շարունակում է հանդես է գալ ապակառուցողական դիրքից: Այսինքն՝ ոչ արդյունավետ մոտեցմամբ, որովհետև այն հղումները, որոնք արվում են Ադրբեջանի նախագահի կողմից, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հայտնի 90-ականների սկզբի 4 բանաձևերը ոչ մի արդյունավետություն չեն տալիս այն գործընթացին, որն այսօր տեղի է ունենում և որն արդեն քսան տարի է կա:
Այլ տեսանկյունից Ադրբեջանն ինքը հանդես եկավ, որպես երկիր, որը չի կատարել այդ բանաձևերի պահանջները և ինքն է հանդիսացել այդ նույն բանաձևերի մշտական խախտողը: Ադրբեջանին պարբերաբար կոչ է արվում վերջ տալ ռազմական գործողություններին և հայկական կողմին ոչինչ չէր մնում, քան պատասխանել Ադրբեջանի կողմից այդ սանձազերծած պատերազմին և հասցնել Ադրբեջանն այն վիճակին, որում այն գտնվում է այսօր:
Վերջապես, եթե անդրադառնանք ՀՀ նախագահի դիրքորոշմանը, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է կարգավորման գործընթացում ցուցաբերել կառուցողական դիրքորոշում և հղում է կատարում միջնորդների նախաձեռնություններին, որոնց հիմքում ընկած է այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ երեք դերակատարները մի կողմից հայտնել են այն դիրքորոշումները, որ իրենց կողմից սպասելի են եղել, մյուս կողմից, եթե փորձենք ընդհանուր առմամբ գնահատել հանդիպումը, իհարկե կարելի է կարևորել այն հանգամանքը, որ հատկապես այն լարված իրավիճակում, որ տիրում է վերջին 10 օրվա ընթացքում, այս հանդիպումը կարևոր էր: Միարժեք է նաև, որ վերջին լարվածությունն ու միջադեպերը էական վնաս են հասցրել ադրբեջանական կողմին, որովհետև ցածր ռազմաբարոյական ոգին, որ առկա է ադրբեջանական բանակում, վերջին իրավիճակների հետևանքով ևս մեկ անգամ հարված ստացավ, ոչ միայն բարոյական, այլ նաև ռազմական:
Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հակամարտությունն ունի միայն խաղաղ լուծում: Իհարկե չպետք է մոռանանք նաև, որ Ալիևը մեկ անգամ չէ ապացուցել, որ իր խոսքին վստահել չի կարելի:
Ավարտելով կարելի է ասել, որ այս հանդիպումները կարևոր են այն իմաստով, որ դրանք կարող են կանխել ռազմական գործողությունների սրացումը և փորձել որոշակի հենարան ստեղծել հետագա ավելի արդյունավետ գործընթացների իրականացման համար:
Նախորդող հրապարակումներ՝ Ավարտվեց նախագահների եռակողմ հանդիպումը. Հիմնախնդիրը չունի ռազմական լուծում
Նախագահը հանձնարարել է հրապարակել հայ և ադրբեջանցի զոհվածների անունները