.jpg)
Կառավարությունը խոստացել է լուծել անտուն մնացած այգեպարցիների խնդիրը
Տավուշի մարզպետարանն ուսումնասիրում է Այգեպար համայնքի բնակիչների կրած վնասի չափը, այս պահին մարզպետ Հովիկ Աբովյանն այդ համայնքում է: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Կառավարությունից` հավելելով, որ վնասի չափը հայտնի դառնալուց հետո անտուն մնացած բնակիչների խնդիրը կլուծվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ժամը 04.20-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի տներից մեկում:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել էր, որ այս գիշեր կրակոցները սկսվել են ժամը 2-ին, երբ գյուղն արդեն քնած էր.
«Խոշոր տրամաչափի զենքերից էին կրակում: Այդ տներն էլ որ հրդեհվեց` փրկարարներ կանչեցինք: Մոտիկ չկարողացան գան կրակոցների պատճառով: Հիմա գյուղի երկու ընտանիքի տուն լրիվ վառվել ա` գույքով, ամեն ինչով: Ամբողջ գիշեր դույլերով ջուր ենք բերել, բայց դե դա ինչ...»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Նշենք, որ հայ դիրքապահների կողմից հակառակորդին տրվել է պատասխան կրակ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին:
Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակոցների պատճառով սահմանամերձ Այգեպարում երկու տուն է այրվել