.jpg)
Էրդողանի անձը ինքնին բավականին ազդեցիկ է. Թուրքագետ
Երեկ Թուրքիայում ավարտվեցին նախագահական ընտրությունները, որի արդյունքում Թուրքիայի նորընտիր նախագահ դարձավ նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացվող այս ընտրություններն իրենց բնույթով առանձնանում էին նախորդ ընտրություններից: Պատմության մեջ առաջին անգամ թուրքերը քվեարկության միջոցով ընտրում էին երկրի նախագահ: Մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: Երկրի նախագահին 165 հազար 108 ընտրատեղամասերում պետք է ընտրեր քվեարկելու իրավունք ունեցող 52 միլիոն 894 հազար 115 մարդ:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով թեմային՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինչպես ցանկացած ընտրություն, այնպես էլ Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո սկսվել են տարատեսակ մեկնաբանություններ ու հայտարարություններ հնչել: «Բնական է, որ իշխող կուսակցության ներկայացուցչի՝ Էրդողանի օգտին աշխատել է ադմինիստրատիվ ռեսուրսը: Կարծում եմ՝ արձանագրված կլինեն ինչ-որ խախտումներ, բայց այնուամենայնիվ, մի բան հստակ է. Էրդողանը հստակ առաջատարն էր»,- հավելեց նա՝ շարունակելով, որ մինչև ընտրությունները արված սոցիոլոգիական հարցումները ևս փաստում էին, որ նա թեկնածուներից առաջատարն է:
«Արդյունքը բավականին սպասելի ու կանատեսելի էր, և նա առանձնանում էր իր մրցակիցներից»,- նշեց թուրագետը, ում համոզմամբ՝ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված նախագահն ուներ ավելի մեծ լիազորություններ, քան իրեն նախորդած 11 նախագահները:
Նրա խոսքով՝ Էրդողանի անձը ինքնին բավականին ազդեցիկ է: Այսինքն՝ Թուրքիայի 12-րդ նախագահ Էրդողանը բոլոր շանսերն ունի դառնալու երկրորդ Աթաթուրքը և Թուրքիայի պատմության մեջ մտնել որպես ուժեղ նախագահ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին՝ թուրագետը համոզված է, որ Էրդողանը իր քաղաքական գործունեությամբ համոզել է բոլորին, որ բավականին ագրեսիվ, հակահայկական հայացքներ ու տրամադրություններ ունի: «Նրա վարքի մեջ երբեմն կրոնական մոլեռանդության տարրեր են նկատվում և բնական է, որ այդ ամենը հետագայում դրսևորվելու է Հայաստանի հետ հարաբերությունների նրա պահվածքում: Սպասելի է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կմնան նույնը, իսկ պետական հռետորաբանությունը իր մեջ կներառի բավականին ագրեսիվ տարրեր, ինչով միշտ հարուստ են եղել Հայատանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով տեղաբնակ հայերին՝ թուրագետը նկատեց, որ Էրդողանը այստեղ կցուցաբերի կիսաիմիտացիոն վերաբերմունք: «Մի կողմից նա հայտարարել է ինչ-որ զիջումների մասին, մյուս կողմից՝ հրապարակավ հայ լինելը վիրավորանք է համարել՝ դրանով իսկ վիրավորելով հայերին: Այդ քայլով նա ցույց տվեց իր իրական մտածելակերպը»,- նշեց Մելքոնյանը:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայի նորընտիր նախագահը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իսկ իր աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, Ռ. Մելքոնյանը նշեց, որ նախ Էրդողանը հայտնի է իր պրոադրբեջանական հայացքներով, որն անշուշտ կշարուակվի նաև նրա նախագահության օրոք:
«Այդ ամենն իհարկե կկրի երբեմն ավելի ցայտուն, իսկ երբեմն էլ՝ ավելի ագրեսիվ բնույթ: Եթե Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլա Գյուլը ծանրակշիռ պահվածք էր ցուցաբերում, ապա Էրդողանի պարագայում պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Այսինքն՝ պետք է ակնկալենք ագրեսիվ ու ոչ հավասարակշռված պահվածք և հայտարարություններ: Պետք է նաև հասկանանք, որ Թուրքիայի ամբողջ պետական քաղաքական մենքենայի կուրսն է հակահայկական, որն անդրադառանում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Եթե Էրդողանի փոխարեն լիներ որևէ այլ պետական գործիչ, միևնույն է այդ պետության հետ մեր հարաբերությունները ևս չէին փոխվելու: Այսինքն՝ այդ հարաբերությունները իրենց բնույթով մնալու էին հակահայկական»,- ասաց թուրագետը: