.jpg)
Նախագահ. Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է
Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: «Արմնյուզին» տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Թուրքիայի միակողմանի պահվածքը չպետք է զարմանալի թվա:
Անդրադառնալով փաստին, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը սահմանային միջադեպերի առնչությամբ ցավակցություն էր հայտնել Ադրբեջանին, Սերժ Սարգսյանը նշելց.
«Ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես, իրոք, կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:
Անդրադառնալով միջադեպին, որ Թուրքիայի նախագահի թեկնածու, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վիրավորանք էր որակել իր հայ լինելու վարկածը՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ, իրոք, կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»:
Հայաստանի Նախագահը միամտություն որակեց այն մոտեցումը, թե կարելի է Թուրքիայից հավասարակշիռ դիրքորոշում ակնկալել:
«Շատերը մտածում են, որ իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի»,- նշեց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Մեր խնդրանքն է ընդդիմադիրներին՝ գոնե որոշ հարցերում լինել զուսպ
Ս. Սարգսյան. Ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին
Սերժ Սարգսյան. Հրադադարի նոր համաձայնագրի մասին չխոսվեց, դա ենթադրվում է
Խաղաղապահների տեղակայումը այլ բանակցությունների թեմա է. Ս. Սարգսյան
Սոչիի հանդիպման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցը. Ուղիղ միացում