.jpg)
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանում ամառային ճամբար է մեկնարկել
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեկնարկել է ճամբարային սեզոնը: Այս տարի «Ամառային ներառական ճամբար 2014»-ում իրենց հանգիստը կանցկացնեն ավելի քան 200 երեխա: Բանկի ջանքերով հանգստյան տանը իրականացվել է խոհանոցի և ճաշարանի վերանորոգում, ձեռք են բերվել խոհանոցային պարագաներ: Անցյալ տարի բանկն իրականացրել է Ստեփանավանի հանգստյան տան վերանորոգումը` ճամբարի համար ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածք, վերազինել տնակները և տարածքը` սայլակներով երեխաների տեղաշարժը ճամբարի տարածքում հեշտացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում այս տարի նույնպես աշխատակիցների շրջանում կազմակերպվել էր միջոցների հավաքագրում ի աջակցություն Ստեփանավանի հանգստյան տան երեխաների: 2014 թվականի օգոստոսի 10-ին բանկի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել բարեգործական միջոցառմանը և շաբաթօրյակին: Հանգստյան տանը երեխաների համար կազմակերպվել էր տոնական հանդես ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին բանկի աշխատակիցները երեխաներին նվիրել են գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ: Հանգստյան տանը հանգստացող երեխաները իրենց հերթին պատրաստել էին ողջույնի միջոցառում: Օրվա ավարտին երեխաները փուչիկներին ամրացրել են իրենց ցանկություններով թերթիկներ և բաց թողել երկինք:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սեփականությունը հանդիսացող «Էլեն» հանգստյան տունը նվիրաբերել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը 2012 թվականին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական հիմունքներով իրականացնում է սոցիալական և բարեգործական նախագծեր և 2010 թվականից աջակցում է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը: Հաշմանդամություն ունեցող երեխաները ուշադրության կարիք ունեն, և մենք չպետք է նրանց խնդիրներից հեռու մնանք: Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպվող միջոցառումները ուրախություն են պատճառում երեխաներին` նրանց հնարավորություն տալով իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ»:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը նշել է. «Շատ հաճելի է, որ մեր համագործակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ դարձել է ավանդույթ: Ամեն տարի բանկի աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի շատ քանակի երեխաներ ընդունել: Այս տարի հանգստյան տանը կարող են հանգստանալ ավելի քան 200 երեխա` 4 հոսքերով: Այս ամառ երեխաների առօրյան շատ հագեցած է, մասնավորապես, որովհետև ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ մեզ մոտ հայտնվել է բոչչե սպորտային խաղի հրապարակ: Երեխաների, ծնողների և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության աշխատակազմի անունից հայտնում ենք խորին շնորհակալություն բոլոր այն անձնանց և կազմակերպություններին, որոնք աջակցում են «Ամառային ներառական ճամբար» նախագծի անցկացմանը»: