.jpg)
Ֆիննախ. Օրինազանց տեսուչն ազատվել է աշխատանքից
Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի: ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարաշել, որում նշված է.
«Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը:
Հարկային տեսուչի գործողություններն առնչվել են պետական մարմնի աշխատանքների վարկաբեկմանը, հարկային ծառայողի անաչառությանը, հասարակության մեջ հարկային ծառայության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:
Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է՝ բարեփոխումների գործընթացին խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված քայլերը հետևողականորեն շարունակվելու են, քանի որ բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադրերի գործունեությամբ»: