Չի բացառվում, որ Էրդողանը գա Հայաստան. Թուրքագետ
12/08/2014 18:35

Չի բացառվում, որ Էրդողանը գա Հայաստան. Թուրքագետ

Էրդողանն ընդհանրապես աչքի է ընկնում իր հակահայկականությամբ: Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կանդրադառնա Էրդողանի ընտրվելը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, նշեց թուրագետ Գևորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի նորընտիր նախագահի հիմնական քաղաքական գիծը հենց հակահայկականությունն է:

«Նախընտրական շրջանում ևս հակահայկական հայտարարությունները նպաստեցին նրա ընտրվելուն: Եվ քանի որ նրա ընտրազանգվածի մեծ մասը հակահայկական ընտրողներն էին, նա ռիսկի չէր գնա և հայամետ հայտարարություններ չէր անի: Անգամ սպասելի էր այն հայտարարությունը, թե հայ լինելն իր համար վիրավորական է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեղի՞ն էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքն այդ հայտարարությանը՝ թուրքագետը նշեց, որ այո:

«Կարծում եմ՝ տեղին էր և պետք էր այդ արձագանքը: Էրդողանը սիրում է միշտ ընդգծել, որ ինքը հակահայկական հայացքներ ունի: Մենք էլ պետք է դրան ի հակակշիռ պատասխան տանք»,- նշեց նա:

Թուրքագետի խոսքով՝ թեև Էրդողանը վիրավորական է համարում, երբ իրեն հայ են անվանում, այդուհանդերձ՝ հայ համայնքը նույնպես իր ձայների մեծամասնությունը տվել է նրան:

«Հայ համայնքը քաջ գիտակցում է, որ նա խիստ հակահայկական հայացքներ ունի: Իսկ այս ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիան շարունակելու է վարել իր հակահայ քաղաքականությունը»,- հավելեց նա:

Այս համատեքստում Պետրոսյանը նկատեց, որ թեև Էրդողանի հակառակորդները աչքի էին ընկնում իրենց հայամետ հայացքներով, այնուամենայնիվ նրանք նույնպես ընտրվելու դեպքում չէին կատարի իրենց իսկ տված խոստումները:

«Իսանօղլուն, ով աչքի էր ընկնում իր հայկականությամբ, իշխանության գալով դժվար թե շարունակեր այդ քաղաքականությունը: Նա ընդդիմադիր երկու ուժերի միասնական թեկնածուն էր, արմատներով քուրդ: Հայամետ դիրքորոշում ուներ նաև Դեմիրթաշը»,- նշեց նա:

Թուրքագետի կարծիքով՝ առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեն սպասվում, քանի որ դերակատարների կամ անձերի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ապա նա վստահ է, որ թուրքական քաղաքականությունը կանդրադառնա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

«Հայաստանի հետ Թուրքիան կշարունակի վարել իր ձգձգումների ու խաղերի քաղաքականությունը: Դա առավել նկատելի կլինի հատկապես 2015 թվականին ընդառաջ: Թուրքիան, անշուշտ, կմիջամտի նաև Ղարաբաղյան խնդրին»,- ասաց թուրագետը՝ շեշտելով, որ այս ընթացքում իր դրացիական հարաբերությունները Թուրքիան կշարունակի վարել միայն ու միայն հարևան Ադրբեջանի հետ, որին կփորձի օգնել նաև իր խորհուրդներով:

«Մենք տեսանք, թե ինչպես Դավութօղլուն օրերս տեսակցելու գնաց ադրբեջանցի զինվորներին, ովքեր բուժվում են Թուրքիայում: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան իր աջակցությունը կցուցաբերի Ադրբեջանին»,- ասաց նա:

Հարցին, թե նորընտիր նախագահ Էրդողանը կընդունի՞ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ 2015 թվականին գալ Հայաստան, թուրքագետը նշեց, որ Էրդողանը կընդունի այդ հրավերը միայն Թուրքիայի շահերից ելնելով:

«Չի բացառվում, որ նա ընդունի այդ հրավերը: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան շարունակելու է վարել իր խորամանկ քաղաքականությունը, իսկ Հայաստանը պետք է իր հարաբերությունները շարունակի միայն նախկին փորձից ելնելով: Այսինքն՝ չհավատա ոչ մի բանի»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Թուրքիան Հայաստանի հետ որոշակի խաղի մեջ է մտել, որը սկսել է դեռևս նախորդ տարի: Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է բոլորին ցույց տալ, թե Հայաստանի հետ հարաբերությունները ուզում է բարելավել:

«Դրա վառ ապացույցներից են Դավութօղլու այցը Հայաստան, թուրքական մամուլում տարբեր տեղեկությունների շրջանառությունները, թեկուզ հենց Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը: Ու նման քայլերը դեռ կշարունակվեն: Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի խաղա իր խաղը, և աշխարհին ցույց տա, թե Հայաստանի հետ ուզում է իր հարաբերությունները լավացնել: Ինչ վերաբերում է սահման բացելուն, եթե այն բացվի էլ, ապա կկրի սիմվոլիկ բնույթ: Հնարավոր է, որ հենց դա հանգեցնի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, բայց չեմ կարծում, որ սահմանն ամբողջությամբ բացվի»,- բացատրեց Պետրոսյանը:

Թուրքագետը օրինակ բերելով կրկին Էրդողանին, նշեց՝ Էրդողանի ապրիլքսանչորյան ուղերձն իր բնույթով հակահայկական էր, սակայն նա այն այնպես ներկայացեց, որ ամբողջ աշխարհը ողջունեց նրա այդ քայլը:

«Մենք տեսանք, թե ինչպես միջազգային հանրությունը ողջունեց այդ ուղերձն ու դրական քայլ համարեց: Նման խորհրդանշական քայլի Թուրքիան կգնա իր միջազգային իմիջը բարձրացնելու համար և չի բացառվում, որ Էրդողանը նաև գա Հայաստան: Պարզապես դեռ ժամանակ է պետք այդ ամենը վերլուծելու համար»,- նշեց նա:

Իսկ ընդհանրապես՝ թուրագետի համոզմամբ,  Թուրքիան իր ժխտողականության քաղաքականությունը շարունակելու է: Եվ դա նոր դրսևորումներ ու երանգ կստանա հատկապես Էրդողանի օրոք: Այսինքն՝ ըստ էության այդ ժխտողականությունը չի փոխվել և չի էլ փոխվելու:

«Դա թուրքական պետական ավանդույթ է, որը կարծրացած հիմք է դարձել բոլորի համար: Այդ փոփոխության համար գլոբալ լուրջ տարաձայնություններ ու փոփոխություններ են հարկավոր՝ հենց կոնկրետ Թուրքիայում: Էրդողանը կարող է որոշակի տեղաշարժեր անել, որոնք դրական կընկալվեն, բայց հիմքերը իրականում չեն փոփոխվի: Այսինքն՝ անձի փոփոխությունը չի հանգեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման: Այո, 2015 թվականին Թուրքիան պատրաստվում է լրջությամբ, սակայն Հայոց ցեղապանության թեման և հայկական հարցը Թուրքիայի թիվ մեկ օրակարգային խնդիրը չէ, թեև Թուրքիան դրան պատրաստվում է բարձր խողովակներով»,-ասաց նա:
 

Չի բացառվում, որ Էրդողանը գա Հայաստան. Թուրքագետ