.jpg)
Հրազդանում գիշերային ակումբ չի գործում. պարզաբանում
Հրազդանում «նաչնոյ կլուբի» գործունեությունը դադարեցված է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին վստահեցնում են Հրազդանի քաղաքապետարանից, արձագանքելով, այսօր «Ժողովուրդ» թերթում հրապարակված հոդվածին, որտեղ նշվում էր, թե հանրային տարածքում գործող գիշերային ակումբի գործունեությունը բնակիչների շրջանում դժգոհությունների առիթ է դարձել:
«Հրազդանցիների լեզվով ասած՝ «նաչնոյ կլուբի»-ի երեսից ընկել է ամբողջ թաղի անունը: Փողոցի գլխավոր խաչմերուկում՝ Միկրոշրջան թաղամասում տեղակայված գիշերային ակումբի մոտ երեկոյան 8-ից հերթ է գոյանում, տղամարդիկ, ովքեր հավաքվում են ուկրաինացի պարուհիներին տեսնելու, գրեթե ամեն երեկո ոչ սթափ վիճակում ծեծկռտուք են սարքում»,- գրել էր թերթը, նշելով, թե բնակիչները պատմել են, որ աշխատանքից տուն վերադառնալիս ստիպված են լինում ճանապարհը փոխել: Իսկ բոլորովին վերջերս տեղի ունեցած կռվից հետո երեխաներին բակ չեն թողնում:
«Պատմում են, որ «գոլդ» համարանիշերով տասից ավելի մեքենա փակել էր փողոցի խաչմերուկը , և մինչև ուշ երեկո հաշիվ էին մաքրում»,- գրել է թերթն ու հավելել, որ 13 շենքերի բնակիչները դեռ անցյալ տարի խնդրի հետ կապված ստորագրահավաք են կազմակերպել, ներկայացրել քաղաքապետարան և մարզպետարան, սակայն ոչ մի փոփոխություն չի արձանագրվել: «Մի կարևոր հանգամանք ևս. հողատարածքի այն մասը, որի վրա այսօր կառուցվել է գիշերային ակումբի շենքը, քաղաքի գլխավոր հատակագծով ներառված էր զբոսայգի-ճեմուղու մեջ»։
Հրազդանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Ալվինա Զաքարյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, երբ բնակիչներից ահազանգ են ստացել, որ վարձակալության հիմունքներով տրված տարածքում գործում է ոչ թե սրճարան-բար, այլ գիշերային ակումբ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրամանով դադարեցվել է դրա գործունեությունը: «Մասնավոր ընկերությունը դիմել էր Հրազդանի քաղաքապետարան, այդ տարածքում սրճարան կառուցելու նպատակով, սակայն բացել է ոչ թե սրճարան, այլ գիշերային ակումբ: Իրականում իբրև գիշերային ակումբ այն մի քանի օր է գործել, որի մասին բնակիչներն ահազանգել են: Այս պահի դրությամբ ակումբը փակվել է Հրազդանի քաղաքապետի նախաձեռնությամբ և այն չի գործում 2014 թվականի օգոստոսի 7-ից»,- նշեց Ա. Զաքարյանը:
Ի դեպ՝ Aysor.am-ի տեղեկություններով ակումբն իրականում ոչ թե փակվել, այլ տեղափոխվել է մեկ ուրիշ վայր: Ա. Զաքարյանից մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այն տեղափոխվել է այլ տարածք՝ Ա. Զաքարյանը պնդեց, թե բացառվում է:
«Սրճարանն իր նպատակին չի ծառայել և քաղաքապետի որոշմամբ այդ օբյեկտը ընդհանրապես փակված է»,-ասաց նա:
Իսկ թե, ով է հանդիսանում մասնավոր ընկերության սեփականատերը՝ մամլո քարտուղարը մեզ իհարկե չասաց, նշելով, թե դուք հետաքրքրվեք և իմացեք: «Ես դա չեմ կարող ասել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, ապա նա այդ մասին նույնպես տեղեկություններ չուներ:
Ի դեպ՝ հայտնի չէ նաև ակումբի անունը:
Aysor.am-ը մանրամասներին դեռ կանդրադառնա: