.jpg)
Փոխնախարար. Ազատազրկման կիրառումը կդառնա բացառիկ պատժատեսակ
Քրեական նոր օրենսգրքի հայեցարակարգով նախատեսվում է կրկին առավել հստակ դարձնել պատիժների համակարգը և պատիժ նշանակելու սկզբունքները, ինչպես նաև նախատեսվում է սահմանել սկզբունքորեն նոր պատժատեսակներ, իսկ ազատազրկման կիրառումը կդառնա բացառիկ պատժատեսակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել է հայեցակարգ և ներկայացրել Կառավարության քննարկմանը, իսկ Քրեական նոր օրենսգրքի նախագծի տեքստը մյուս տարի կներկայացվի Ազգային ժողով:
Փոխնախարարի խոսքով՝ դրանք պահանջում են Քրեակատարողական օրենսդրության փոփոխություն և այդ ուղղությամբ նույնպես քայլեր ձեռնարկվում են:
Ա. Թաթոյանը ասաց, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված են այնպիսի լուծումներ, որոնք պետք է առավել արդյունավետ կերպով ապահովեն քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքները, նախատեսվում է ձերբակալման և կալանքի հիմքերի ու ընթացակարգի հստակեցում, նոր այլընտրանքային խափանման միջոցների ներմուծում, այն է՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ-ից արտաքսելը և այլն:
«Ազգային ժողովում այս տարվա հունվարից արդեն սկսվել են քննարկումները, որոնց ընթացքում ներկայացված առաջարկություններն այժմ ամփոփվում են և դրա ավարտից հետո այն կդրվի վերջնական քննարկման»,- ասաց Ա. Թաթոյանը:
Անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ահազանգին, որ քրեակատարողական հիմնարկում փաստաբանները ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ՔԿՀ մուտք գործելու հետ կապված իրենց պաշտպանյալներին հանդիպելու խոչընդոտներ են ունենում, Ա. Թաթոյանն ասաց, որ որոշակի փոփոխություններ են կատարվելու և բացառիկ դեպքերում պաշտպաններին հնարավորություն կտրվի ոչ աշխատանքային օրերին և ժամերին մուտք գործելու ՔԿՀ, որը կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ ավտոտրանսպորտային խախտումների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որն արձագանքում է բռնագանձումների հարցերին: Փոխնախարար Արտյոմ Գեղամյանն էլ ասաց, որ առաջիկայում կներդրվի «էլեկտրոնային նոտար» համակարգը, ինչի շնորհիվ էլ մարդիկ իրենց խնդիրները կլուծեն առանց նոտարական գրասենյակներ այցելելու և հերթեր կանգնելու:
Նախորդող հրապարակում՝ Հովհաննես Մանուկյան. Իմ թիմի գլխավոր ձեռքբերումը իմ ձեքռբերումն է