Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի սուպերգավաթակիր
14/08/2014 17:14

Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի սուպերգավաթակիր

Երեկ Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Մյունխենի «Բավարիային» և նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը:

23-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով նոր մրցաշրջանում «Բորուսիայի» առաջին գոլի հեղինակ: Այդ գոլը հենց Մխիթարյանի ջանքերի արդյունք էր: Մեր ֆուտբոլիստը խաղադաշտի կենտրոնից գնդակով հասավ գրեթե տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Օբամեյանգին: Պաշտպաններին հաջողվեց փակել վերջինիս, սակայն գնդակը կրկին բաժին հասավ Մխիթարյանին, և նա հուժկու հարվածով այն ուղարկեց դարպասը:

Հատկանշական է, որ երբ Հենրիխը փոխանցում կատարեց, նրան շրջապատող 3 մյունխենցիները կանգ առան, իսկ հայ կիսապաշտպանը, ընդհակառակը, շարունակեց ընթացքը և դրա շնորհիվ հայտնվեց հարվածային դիրքում:

62-րդ րոպեին Օբամեյանգը գլխի դիպուկ հարվածով հաստատեց հանդիպման վերջնահաշիվը:

Ավելացնենք, որ «Բորուսիան» անընդմեջ երկրորդ անգամ է տիրանում Սուպերգավաթին: Մեկ տարի առաջ դորտմունդցիները կրկին առավելության հասան «Բավարիայի» նկատմամբ: 

Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի սուպերգավաթակիր