Սևանի ջրբացթողումը` թվային խառնաշփոթում
14/08/2014 16:27

Սևանի ջրբացթողումը` թվային խառնաշփոթում

Այսօրվա դրությամբ Սևանի մակարդակը 10 սմ-ով պակաս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնից:

Նշենք, որ Սևանի ներկա մակարդակում մեկ սմ բարձրացումը կամ իջեցումը ծավալային առումով կազմում է 12.7 մլն խմ ջուր, ինչը նշանակում է, որ 10 սմ-ի դեպքում Սևանից վերցվել է մոտ 127 մլն խմ ջուր:

Կարող ենք հավելել, որ օրերս ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, հաղորդել էր, որ Սևանից բաց է թողնվել 230 մլն խմ ջուրը, մոտավորապես այնքան, որքան նախատեսված էր լրացուցիչ ջրառով, Սևանի մակարդակի նվազումը երկու օր առաջ կազմում էր 9 սմ. Երկու օրում Սևանա լճի մակարդակը մեկ սմ-ով ևս իջել է:

Հիմա Սևանից վերցրել են 127 մլն խմ, թե՞ 230 մլն խմ ջուր: Այս հարցը կարոտ է ստույգ պատասխանի:

Եվս մեկ դիտարկում, եթե Սևանից 230 մլն խմ ջուր բաց են թողել, ապա մինչև ոռոգման սեզոնի ավարտը ի՞նչ պետք է արվի սեպտեմբեր-հոկտեմբերին, մարզում գյուղատնտեսական աշխատանքներն ավարտվում են հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ ոռոգման նպատակով տարեկան Սևանից բաց է թողնվում 170 մլն խմ ջուր, սակայն այս տարի, Արամվիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը ոռոգելու նպատակով կառավարության որոշմամբ, ԱԺ հավանությամբ Սևանից կատարվում է լրացուցիչ ջրառ` 240 մլն խմ սահմաններում:

Լրացուցիչ ջրառի համար, ըստ պաշտոնական վարկածի, Արմավիրի մարզում գրեթե ցամաքել է Սևջուր գետը, նաև Արաքս գետում է ջրային հոսքը նվազել, մարզում գյուղատնետսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում:

Արաքսից Հայաստանն ու Թուրքիան օգտվում են 50-50 տարբերակով: Թուրքիան իր տարածքում ջրամբարներ է կառուցում: Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը`1.9 մլն խոր. մետր տարողությամբ, և Բայբուրդի ջրամբարը՝ 52 մլն խոր. մետր տարողությամբ: Այս տարի կավարտեն Ղարսի ջրամբարի կառուցումը՝ 332 մլն խոր. մետր տարողությամբ: Նախատեսվում է կառուցել Կարակուրդի ջրամբարը՝ 1 մլրդ խոր. մետր տարողությամբ:

Հարկ է նշել, որ լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, նաև Որոտան–Արփա–Սևան ջրատեխնիկական համալիրը լիճ է տեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը:

10 սմ-ով Սևանի մակարդակի նվազումը հավասար է 127 մլն խմ ջուր, իսկ 230 մլն խմ ջուրն, ըստ հաշվարկների կազմում է մոտ 18 սմ: Եթե Սևանից բաց է թողնվել 230 մլն խմ ջուր, ապա Սևանի մակարդակը պետք էր իջներ 18 սմ: Հուսանք թվային խառնաշփոթը պատասխան ունի, թե չէ կստացվի` աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում:

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Սևանից ջրառը հասցնել 270 մլն խորանարդի:
 

Սևանի ջրբացթողումը` թվային խառնաշփոթում