Սիրիահայ բժիշկների մարզերում ծավալած գործունեության մասին
15/08/2014 16:51

Սիրիահայ բժիշկների մարզերում ծավալած գործունեության մասին

«Համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք օգնել սիրիահայերին: ՀՀ առողջապահության նախարարությունը` որպես ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, մշտապես օգնության ձեռք է մեկնում սիրիահայերին»,- հյուրընկալվելով ՀՀ առողջապահութան նախարարությունում՝ նշել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Ստեփանյանն` ընդգծելով, որ իրենք բարձր են գնահատում նախարարության աշխատանքը:

«Ընդամենը մեկ զանգով, մեկ գրությամբ մարդկանց առողջության և ճակատագրի հետ կապված հարցեր են լուծվում: Ամենակարևորն այն է, որ ոչ միայն առողջապահական համակարգում, այլև տարբեր որոտները ներկայացնող մասնագետները գտնեն իրենց տեղը հայրենիքում»,- ասել է Ստեփանյանը` հայտնելով, որ իրենց հաշվարկով` վերջին երկու տարիների ընթացքում 700-ից ավելի սիրիահայեր ստացիոնար բուժում են անցել Հայաստանում:

Նախարար Արմեն Մուրադյանն էլ նշել է, որ հպարտանելու առարկա է այն, որ նախարարության աշխատանքը նկատելի է:

«Կարծում եմ, որ դա շարունակական է լինելու: Շատ սիրիահայ բժիշկներ աշխատում են ամենապատասխանատու վայրերում` Երևանում և մարզերում` զարդարելով այդ առողջապահական կառույցները: Դրանով լուծվում է նաև մարզերի համաչափ զարգացման խնդիրը, ինչը երկրի և կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է և մեծ օգուտ է բերում մեր երկրին»,- հավելել է նախարարը:

Սիրիահայերին օգնելուն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը շարունակական են լինելու: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ հանրապետության մարզերի մի շարք` Սպիտակ, Թալինի, Գավառի բժշկական կենտրոններում, սիրիահայ բժիշկներն հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը:

Սիրիահայ բժիշկների մարզերում ծավալած գործունեության մասին