Մեր բանակը կարող է լուծել իր խնդիրները առանց երրորդ կողմի. ԱՍԱԼԱ-ի մարտիկ
15/08/2014 15:22

Մեր բանակը կարող է լուծել իր խնդիրները առանց երրորդ կողմի. ԱՍԱԼԱ-ի մարտիկ

Սահմանում տեղի ունեցող դեպքերը քաղաքական խաղեր են: Երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են լինում, ադրբեջանցիները միշտ փորձում են իրենցը թելադրել: Սահմանի դեպքերի միջոցով փորձում են մեզ հունից հանել և պատերազմի մղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:

«Մեր երկրի իշխանությունները շատ լավ դիրքորոշում ունեցան՝ չընկան ադրբեջանցիների ծուղակի մեջ: Մեր զինվորները ցույց տվեցին իրենց մարտունակությունը: Այսօր մեր ազատամարտիկները զինվորների կողքին են, ադրբեջանցիները չէին սպասում այս քայլին, քանի որ կարծում էին, թե մենք խուճապի կմատնվենք ու զիջումների կգնանք: Սակայն ճիշտ հակառակը ստացվեց: Սա նրանց համար տհաճ անակնկալ ու ապտակ էր»,-ասաց Ժամկոչյանը:

ԱՍԱԼԱ-ի մարտիկը ժողովրդից խնդրեց ուշադրություն չդարձնել ասեկոսեներին. «Երբ մենք իմանում ենք, որ մեր բանակը հզոր է, մենք կանգնած ենք մեր բանակի կողքին, ապա բանակը կարող է լուծել իր խնդիրները առանց երրորդ կողմի: Անհրաժեշտության դեպքում նախկին ազատամարտիկները պատրաստ են, սփյուռքի մեր ընկերները ևս մեր բանակի կողքին են և հրամանի են սպասում, որ գան ու եթե կարիքը լինի, լինեն բանակի կողքին»:

 

Մեր բանակը կարող է լուծել իր խնդիրները առանց երրորդ կողմի. ԱՍԱԼԱ-ի մարտիկ