Զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն եռագույնները
16/08/2014 15:37

Զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն եռագույնները

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ ԵԿ լրատվական ծառայությունը։

Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:

Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը. «Այս միջոցառումը կարևոր է այն առումով, որ մարդիկ, տեսնելով այն բնակարանները, որտեղից ծածանվում են ՀՀ պետական դրոշները, կհասկանան, որ այդ օջախներից զինծառայողներ կան բանակում, և այդ օջախների նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի համապատասխան մարմինների ու կառույցների կողմից»:

Միջոցառման վերջում ցուցադրվեց հոլովակ, որում զինծառայողները ողջունում են իրենց ծնողներին և ընտանիքի անդամներին:

Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ծրագրի շրջանակները կընդլայնվեն, ու ՀՀ պետական դրոշները կծածանվեն հանրապետության բոլոր այն ընտանիքներում, որտեղ հայ զինվոր կա: Տեղեկատվության Ճիշտ և թիրախային տարածման շնորհիվ քաղաքացիների համար հասկանալի և ճանաչելի կդառնա պատուհանից ծածանվող դրոշի խորհուրդը, և դա կդառնա բարի ավանդույթ:
 

Զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն եռագույնները