.jpg)
Իտալիայի ԱԳՆ. Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ուժ չկիրառել
Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմանը: ԱԳՆ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել Համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:
Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին, համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:
Իտալական կողմը՝ համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ Եվրոպական Միության դիրքրորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա:
Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է այն միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում և, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով»: