.jpg)
Պելլեգրինի. «Կաշխատենք ուժեղ պաշտպանություն ունենալ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ խոսել է ամռանը թիմի կատարած ձեռքբերումների մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել, թե «քաղաքաբնակներն» ինչի են ձգտելու նոր մրցաշրջանում: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Նյուքասլին»:
«Իմ կարծիքով` Վիլլի Կաբալյերոն, Բակարի Սանյան, Էլյակիմ Մանգալան, Ֆեռնանդոն ու Ֆրենկ Լեմպարդն զգալիորեն ամրացրել են թիմը: Լավ է, որ մեր թիմում յուրաքանչյուր դիրքի համար երկու ֆուտբոլիստ կա, և մենք կկարողանանք առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալ: Առջևում շատ խաղեր կան, և եթե ուզում ենք հաղթել, պետք է ուժեղ կազմ ունենանք:
Հնարավոր է` դժվար կլինի կրկնել անցած տարվա հաջողությունը, սակայն մենք մտադիր ենք խաղալ առաջվա պես: Կաշխատենք ուժեղ պաշտպանություն ունենալ և ավելիին հասնել Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի գավաթի խաղարկությունում:
Հաղթողի հոգեբանություն ունեցող ամբիցիոզ թիմը շատ բանի կարող է հասնել, այլ ոչ թե պարզապես իրեն չեմպիոն համարել»,- Պելլեգրինիի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը: