.jpg)
Ծաղկաձորում պաշտոնապես բացվեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը
Այսօր Ծաղկաձորում պաշտոնապես բացվեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը: Բացմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳՆ Արմեն Աշոտյանը և Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «Բազեի» կազմակերպիչ, ՀՀ երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը:




«Բազեն նպատակ ունի միավորել հայ երիտասարդներին, և վերջին դեպքերից հետո, այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք այդ միավորման, համախմբման կարիքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Ավագյանը՝ նշելով, որ այստեղ հավաքված են երիտասարդներ, ովքեր, անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից, մրցունակ են իրենց գիտելիքներով և ներկայանալի են:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ համախմբման գործառույթը «Բազեն» այս տարի էլ լիովին իրականացնի»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ընդգծելով, որ «Բազե» երիտասարդական հավաքը այս տարի ունի հատուկ՝ ռազմական ուղղվածություն:
«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր երիտասարդները պետք է լինեն պատրաստ, այնպես որ՝ այս տարվա հավաքի ընթացքում կլինեն դասեր ռազմական բժշկության և ռազմական գործի որոշ նրբությունների վերաբերյալ»,- ասաց Կարեն ավագյանը:

.jpg)



«Բազե-2014»-ի իր բացման խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհակալություն հայտնեց սահմանին կանգնած բոլոր երիտասարդներին՝ նշելով՝ հենց նրանց շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք նման հավաքներ անցկացնել. ««Բազեի» հիմքում դրված է հայության եռամիասնության սուրբ գաղափարը և այս հավաքի միջոցով մենք ցանկանում ենք խրախուսել հայրենասիրությունն ու զարգացնել հայ երիտասարդների կարողությունները: Իր պատմության 12 տարիների ընթացքում «Բազեին» հաջողվել է իր շուրջը համախմբել ավելի քան 8 հազար երիտասարդի՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից:
Շնորհակալություն նրանց: Այս համախմբումը, ինչպես նաև նշածս սահմանային վերջին դեպքերն ու մեր պատասխանը մեզ բոլորիս ևս մեկ անգամ վստահեցնում են՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է»,- ասաց վարչապետը:


.jpg)
.jpg)

Նշենք, որ այս տարբա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդաշնող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ, յուրաքանչյուրում 9 անդամ: Ընդհանուր առմամբ, հավաքին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ: Այս տարի «Բազեին» մասնակցելու են նոր ջոկատներ՝ մարզերից, Երևանի բուհերից, Արցախից, Սփյուռքից, Ջավախքից, ոստիկանության ու ռազմական ինստիտուտներից, Գևորգյան ճեմարանից, «Փյունիկ» հաշմանդամների միությունից: ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկով այս տարի առաջին անգամ «Բազեում» կլինի նաև լրագրողների ջոկատ: