Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքը դեռևս ոռոգման ջուր չունի
18/08/2014 18:21

Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքը դեռևս ոռոգման ջուր չունի

«Վայոց Ձորի Ազատեկ համայնքի ոռոգման խնդիրը դեռևս չի լուծվել»,- Aysor.am-ին ասաց Ազատեկի համայնքապետ Սիրակ Հովսեփյանը:

Նա նաև նշեց, որ գրեթե ողջ գյուղը ոռոգման ջուր չունի, միայն գյուղի սկզբանմասում են կարողանում այգիները ոռոգել. Մյուսները մի կերպ են ջրի հարցը լուծում:

Ս. Հովսեփայանը փոխանցեց, որ խնդրից տեղյակ են, «ՋրՊետԿոմ»-ից եկել են, խնդրին ծանոթացել, խոստացել են, որ հնարավորության դեպքում կփորձեն ջրագիծ կառուցել, իսկ թե երբ` չեն հաղորդել. Պետք է ընդամենը ոռոգման խողովակը միացնել մագիստրալին:

Նշենք, որ «Վայք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Արագած Սաղաթելյան տեղեկատվություն էր տարածել, որտեղ անդրադառնալով չգործող պոմպակայանից խողովակներ են ապամոնտաժվում հարցադրմանը, նշել էր, որ 2006թ-ին շահագործման է հանձնվել Վայքի ենթաշրջանի ոռոգման նոր համակարգը, որը թույլ է տվել տարածաշրջանի ավելի քան 1000հա-ի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով: Ինքնահոսի կառուցման արդյունքում դադարեցվել է 8 պոմպակայանի շահագործում, այդ թվում` Ազատեկի I-ին աստիճանի պոմպակայանի:

Խողովակների ապամոնտաժման նպատակը ոռոգման համակարգի մեկ այլ նախագծի իրականացումն է. նախատեսվում է Ազատեկի չգործող պոմպակայանի ճնշումային խողովակաշարից տարբեր տրամաչափի մետաղական խողովակներն ապամոնտաժել, տեղափոխել և օգտագործել Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի «Արաքս N2» պոմպակայանի վերականգնման և «Հայկաշեն» պոմպակայանի կառուցման նպատակով:

Վայք ՋՕԸ-ից հավաստիացրել էին, որ ապամոնտաժված խողովակաշարը «ոռոգման համակարգի սեփականությունն է և ոռոգումից բացի, այլ նպատակով չի օգտագործվի»:

Սակայն, թե երբ կվերականգնվի Ազատեկ համայնքի ոռոգման ջրամատակարարումը` ոչ մի խոսք:

Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքը դեռևս ոռոգման ջուր չունի