Ես ռոմանտիկ եմ, չնայած կյանքն ինձ բազում հարվածներ է հասցրել. Ս. Հազարյան
18/08/2014 15:31

Ես ռոմանտիկ եմ, չնայած կյանքն ինձ բազում հարվածներ է հասցրել. Ս. Հազարյան



«Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում Շաքեի կերպարը մարմնավորած դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նշում է, որ թեև ինքը չար կնոջ դեր է խաղում, մարդիկ իրեն այդ կերպարի հետ չեն ասոցացնում: Life.panorama.am-ի հետ զրույցում Սաթենիկն անդրադարձել է իր ներկայիս գործունեությանը, խաղացած դերերին, խոսել է իր ընտանիքից, բացահայտել բնավորության ընդգծված կողմերը:

-Թատրոնում կա՞ մի ներկայացում, որտեղ ընդգրկված եք:

-Այո, Պատանի հանդիսատեսի թատրոնում Պյեռ Շենոյի «Առողջություն» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ խաղում եմ մի խորամանկ աղջկա դեր, ով հանուն գումարի իր գեղեցկությամբ կարողանում է գրավել իրենից 60 տարով մեծ ծերունու: Ուզում ենք ներկայացման միջոցով ցույց տալ, որ փողը, իրականում, ոչ մի արժեք չունի:



-Իսկ ձեր կյանքում փողն ի՞նչ տեղ ունի:


-Ընկերներս կփաստեն, որ այն իմ կյանքում չնչին տեղ է զբաղեցնում:

-«Անցյալի ստվերները» սերիալում կերտած Շաքեի կերպարը, կարծես, ձեր հակապատկերն է, այո՞:

-Շաքեն ինձ հետ, իսկապես, կապ չունի: Հաճախ ինձ մոտենում են, ասում են. «Ախր դուք այդքան լավն եք, ինչու՞ եք նման դեր խաղում»: Սկզբում ես մտավախություն ունեի, որ կարող են ինձ վատ ընդունել՝ կերտածս բացասական կերպարի համար, սակայն հետո հասկացա, որ բոլորը վատաբանում են Շաքեին, իսկ ինձ՝ գովաբանում (ծիծաղում է):

-Այնպիսի տպավորություն է, որ իրականում փխրուն հոգի ունեք…

-Այո, կուզենայի, որ այդ փխրունությունն իմ մեջ կոտրվեր, ես շատ ռոմանտիկ եմ, չնայած որ կյանքն ինձ բազում հարվածներ է հասցրել: Ուզում եմ փոխվել, բայց չի ստացվում, դժվարությունների միջով էլ անցնում եմ, բայց նույնն եմ մնում:

-Ձեր ամուսինը, կարծես, ձեր ընտրած ոլորտի հետ կապ չունի. նա ի՞նչ մասնագիտություն ունի:

-Ամուսինս շեֆ-խոհարար է:



-Իսկ ձեզ խոհանոցում օգնու՞մ է, ձեր պատրաստած ուտեստները հավանու՞մ է:

-Նա գործի բերումով տանը քիչ է լինում, շատ չի միջամտում խոհանոցի գործերին: Իսկ իմ պատրաստած ուտեստները շատ է հավանում, հատկապես՝ դոլման, որի պատրաստման եղանակն ինձ սովորեցրել է տատիկս:

-Ձեր որդին անընդհատ ձեզ հետ է, նա ինչպե՞ս է վերաբերվում մայրիկի մասնագիտությանը:

-Ալենը շուտով 8 տարեկան կդառնա: Նա դեռ փոքրուց ականատես է եղել սերիալների նկարահանման, ձայնագրման գործընթացներին: Արդեն աշխատանքների նրբություներին լավ ծանոթ է (ծիծաղում է), չնայած որ, մի քիչ հոգնել է այդ ոլորտից: Երբեմն, նա ինձ հարցնում է. «Մայրի´կ, ախր դու այնքան բարի ես, ինչու՞ ես չար դեր խաղում»: Իրեն հարցնում եմ, ասում եմ. «Կուզենա՞ս դերասան դառնալ», ասում է. «Չգիտեմ»:

-Երջանիկ լինելու ձեր տարբերակը ո՞րն է:

-Կանացի երջանկությունն է, որն իր մեջ ներառում է ամուսնու, երեխայի սերը, ընտանեկան հարմոնիան, հոգու այն խաղաղությունը, որ ոչ մի այլ տեղ չես գտնի: Բացի այդ՝ ես նկատում եմ իմ շրջապատի գեղեցկությունը և հոգիս լցվում է երջանկությամբ: 

Ես ռոմանտիկ եմ, չնայած կյանքն ինձ բազում հարվածներ է հասցրել. Ս. Հազարյան