Անահիտ Բախշյան. Ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացու աշխատանքային իրավունքը
19/08/2014 17:15

Անահիտ Բախշյան. Ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացու աշխատանքային իրավունքը

Երբ մեր երկրում որևէ ծառայություն (կապի, էլցանցերի, ջրի, փոստային և այլն) շահում են օտարերկրյա կազմակերպություններ, նրանցից մեր միակ ակնկալիքն այն է, որ նրանք բարձրացնեն ծառայության որակը, այնինչ այս օտարերկրյա կազմակերպությունների ղեկավարները միայն մի մտահոգություն ունեն` մեր երկրում ստանալ բարձր աշխատավարձ ու շահույթ, իսկ ծառայության ոչ որակն են բարձրացնում, ոչ` տեղացի աշխատակիցներին մարդավայել աշխատավարձ են տալիս: Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը՝ իր տարածած հայտարարության մեջ: 

«Շատ չեմ մեղադրում իրենց, որովհետև նրանք ընդօրինակում են մեր իշխանությունների վարքագիծն ու աշխատաոճը:
Տարիներ առաջ Հայաստանի փոստային ծառայությունը «շահեց» օտար մի կազմակերպություն, որի մատուցած ծառայություններից չափազանց դժգոհ է մեր հասարակությունը:

Ամեն օր հազարավոր նամակներով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ծանուցում է մեր քաղաքացիներին իրենց հիմնավոր կամ անհիմն ճանապարհային խախտումների մասին: Ստույգ տեղեկացված եմ, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից իրենց ծանուցումները հասցեատերերին հասցնելու ծառայության համար հայտարարված մրցույթը շահել է «Հայփոստ» օտար կազմակերպությունը, որի դիմաց «Հայփոստը» պատշաճորեն վճարվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:

Ենթադրվում է, որ այդ գումարների ինչ-որ մասը պետք է օգտագործվեր նաև փոստատարների աշխատավարձերը բարձրացվելու նպատակով, այնինչ, ինչպես այսօր դժգոհում էին փոստատարները, նրանք ստանում են մաքուր 44000 դրամ աշխատավարձ: 

Թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ ու լարվածությամբ են աշխատում մարզերում և կենտրոնականում ԴԱՀԿ-ի աշխատակիցները` հսկայական գումարներ բերելով իրենց կազմակերպությանը, կվկայեն մեր քաղաքացիները, այնինչ , մասնավորապես Արագածոտնի մարզի ԴԱՀԿ-ի աշխատակիցները ստանում են ընդամենը 60000 դրամ աշխատավարձ:

Նրանց խոստացել էին սույն թվականի հուլիսից բարձրացնել աշխատավարձերը, սակայն գոնե Արագածոտնի մարզի աշխատակիցների աշխատավարձերը դեռևս չեն բարձրացվել: Այսինքն ինչպես օտար, այնպես էլ տեղի ղեկավարները հավասարապես կեղեքում ու շահագործում են իրենց աշխատակիցներին:

Ո՞ւր է մեր կառավարությունը, ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ու շահերը»,- ասված է Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ:  

Անահիտ Բախշյան. Ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացու աշխատանքային իրավունքը